пятница, 12 июля 2013 г.

Խաչիկ Դաշտենց․Բանաստեղծություններ


ՄԵՐ ԱԿՍԵԼԸ 
 Մթնաձորի կեռմաններով,
  Սելը բարձած շուշաններով
  Տուն էր գալիս մեր Ակսելը.
 Օ՜, որքան դժվար էր ելը:

  Ձորում նրան կերավ գելը,
 Ճամփին մնած նրա սելը,
 Չհասնելով մինչև Գորիս 
Մնաց մի կանչ՝ «Կյորի՜ս, Կյորի՜ս... »

  Հավերժություն մեր Ակսելին,
 Անտառից դուրս ճամփի եզրին
 Մենակ կանգնած նրա սելին:

  Բարձած լեռան շուշաններով,
 Մանուշակով, ալպյան խոտով,
 Մթնաձորի անուշ հոտով:

 1958

ԶԱՆԳՎԻ ԿԱՄՈՒՐՋԸ
  Ջուրը գնում է, կամուրջն է մնում,
  Փա՜ռք գետի վրա կամուրջ կապողին,
  Ճանապարհից լավ ի՛նչ կա աշխարհում,
  Հազար-հազա՜ր փառք ճամփա շինողին։ 

 Հրճվում է հոգին լավ խոսք լսելիս,
  Լավ խոսքդ խառնիր դու Զանգու գետին,
  Փա՜ռք նրան, ով որ ճամփով անցնելիս 
 Հիշում է նրան շինած վարպետին։

  Կամուրջի տակով թող հոսի Զանգուն,
  Փա՜ռք այս կամուրջով գնացողներին,
  Ճամփորդը գնում, ճամփան է մնում, 
 Փա՜ռք մեր աշխարհի ճանապարհներին։ 

 Երգն էլ հյուսվում է ճանապարհի հետ 
 Եվ նրա հետ էլ մնում է կանգուն,
  Լավ երգն ու ճամփան ապրում են հավետ,
  Փա՜ռք նրան, ով նոր ճամփան է երգում։ 

1945

ՓՈԻՉ ԸՆԿՈՒՅԶԸ
  Հայրս մի օր բախտն իր փորձեց
  Ընկուզենու շվաքում, — Պահիր,
 որդիս, մի չոր ընկույզ,
  Տեսնենք ի՞նչ կա աշխարհքում։ 

 Ես բռնեցի, իսկ նա կոտրեց,
 Ընկույզը փուչ դուրս եկավ,
  Փոճոկները նետեց մի կողմ
 Եվ մտքերի մեջ ընկավ։

  Գաղթի ճամփին հայրս մեռավ,
  Թաղվեց Մուշի մշուշում,
  Նրա բախտը միշտ հիշելիս, 
 Էն փուչ ընկույզն եմ հիշում։ 
1945

ՀԱՐԵՎԱՆԻՍ ԱՂՋԿԱ ՀԵՏ
  Հարևանիս աղջկա հետ խաղում էի փայտե ձի,
  Փայտե ձիուց երբ ցած իջա, պահմտոցիկ խաղացի։
  Ամեն անգամ պահ մտնելիս գտնում էինք մենք իրար,
  եվ գտնելիս, նորից-նորից կանչում էինք՝ «պահ մտա՞ր»:

  Բայց մի օր էլ, ավա՜ղ, մի օր,մենք այնքան պինդ պահ մտանք,
 Որ փնտրեցինք, բայց էլ իրար երբե՜ք, երբե՜ք չգտանք…


ԼԵՌԱՆ ԾԱՂԻԿՆԵՐԸ
  — Ես ձեզանից լեռան ծաղիկներ եմ ուզում,
- Մայրը ասաց մի օր երկու որդիներին:
  Եվ մանուկներն իսկույն մագլցեցին սարեր,
  Որ իրենց մոր ուզած ծաղիկները բերեն։

  Մեծը լեռան կողից շորթեց մի բուռ կակաչ,
  Քարուտներում բացված անթիվ լվածաղիկ,
  Փոքրը ստորոտից դիմեց դեպի գագաթ,
  Որ ամենից սիրուն ծաղիկները քաղի։ 

 Այդպիս ամեն ծեգին երկու եղբայրն ուրախ
  Բարձրանում էին սարը, որ նոր փնջեր բերեն,
  Մեծը կանգ էր առնում ցածրիկ բլուրներին,
  Փոքրը համառորեն միշտ ձգտում էր վերև։

  Ծերպից ծերպ էր անցնում այդ անհանգիստ տղան,
 Որոնելով անվերջ նոր ծաղիկներ լեռան,
  Մի անծանոթ տուղտի կամ շուշանի համար
 Կռանում էր ահեղ անդունդների վրա։ 

 Մեծը գյուղ էր գալիս միշտ կեսօրից առաջ,
 Մի ահագին փնջով, աղաղակով, կանչով,
  Փոքրը տուն էր դառնում ուշ գիշերվա ժամին,
 Լուռ անցնելով քնած խրճիթների մոտով։

  Մեծը վերադարձին մի ցից սարի նստած 
 Դասավորում էր նույն ծաղիկները չնչին,
  Ժողովում էր փոքրիկ ընկած շուշանները 
 Եվ խառնում էր նրանց իր ահագին փնջին։

  Մեծ եղբայրը մեռավ թոնրի շրթին պառկած
  Կակաչներով ներկած ամբողջ դուռ ու տանիք,
  Եվ թաղեցին նրան գյուղապետի կողքին,
  Զանգակատան առաջ, հանգիստ ու երջանիկ։

  Փոքրի դիակը սարի հովիվները գտան 
Եվ ուսերին դրած գյուղը բերին լռիկ, 
Նա իր ձեռքում բռնած ուներ մի նոր ու թարմ,
 Մի լեռնային չքնաղ ու անծանոթ ծաղիկ։ 

 Եվ ոտքերին ձյուն կար անապական լեռան,
  Եվ արյուն կար սառած կրունկների վրա,
  Եվ շուրթերին ժպիտ, կարծես ասում էր նա.
 «Մայր իմ, քեզ սիրեցի և քեզ համար մեռա»։

  Բանաստեղծը նա է, ով մեծ եղբոր նման 
 Չի հավաքում ընկած շուշանները ճամփի,
  Եվ չի դասավորում միշտ նույն ծաղիկները
  Միշտ միևնույն փնջում, որ իր մորը խաբի։

  Բանաստեղծը նա է, որ փոքր եղբոր նման
  Միշտ գալիս է մութին և գնում է շաղին,
  Եվ ընկնում է դաժան ձյուների մեջ լեռան,
  Իր ձեռքի մեջ բռնած մի հազվագյուտ ծաղիկ։
 1940

Հայ գեղջկուհին
  Երբ թշնամին արշավել է մեր երկիր,
 Կործանելով ամեն գիր ու սրբություն,
 Քո զավակի թաթիկներից բռնելով 
Դու տարել ես նրան հայոց վարժատուն։

  Երբ էրիկըդ դարձել է խեղճ տարագիր,
 Ու լուսաստղը շփոթվել է տանիքիդ,
 Դու շալակով ցախ ես կրել լուռ ու մունջ,
 Որ վառ պահես ծուխը գեղջուկ տնակիդ։

  Ու մտազբաղ, աչքը դատարկ պատերիդ,
 Գլխաշորը տաք արցունքիդ քսելով,
 Շտապել ես հարևանիդ օգնության՝
 Քո տաշտակի վերջին հացը կիսելով։ 

 Դու ես պահել հնամենի մեր լեզուն 
Քո սրտի մեջ ու խրճիթում շինական,
 Ամեն բառը քո շուրթերին եփելով 
Ինչպես կարմիր գաթաները թոնրատան։

  Առավոտ վաղ, աքաղաղը չկանչած,
 Դու ես հարել մեծ խնոցին՝ երգելով,
 Եվ քո արդար բազուկներով մութի մեջ
 Արշալույսը կրծքիդ վրա ճեղքելով։

  Ինչպես հսկա խաչերկաթը ջրդեղած՝
 Տոկացել ես ամեն տեսակ կրակի,
 Դու մայր ակիշ մեր անթեղած հույսերի,
 Անմար կանթեղ մեր լուսեղեն հավատի։

  Հիմա նորից հայրենիքում մեր նորոգ
 Եվ օտարի այն հեռավոր լուսնի տակ,
 Դու ես պահում պատիվը հայ օջախի,
Տան խորշի մեջ դարեր վառվող սուրբ ճրագ։
 1960
ԱՐԲԵՑՈՒՄ
Այդ աչքերով խորունկ ու ալեկոծ,
Այդ հայացքով վսեմ ու դյութական,
Այդ մազերով ծփուն ու անհատնում,
Օ դու աշխա՜րհ, աշխա՜րհ կախարդական:

Комментариев нет:

Отправить комментарий