Քառասուն տարի է անցել Հայաստանի Հանրապետության ծնունդի օրվանից-1918, մայիսի 28-1958, մայիսի 28- բայց հայության գիտակցության մեջ դեռևս համազգային ընդհանուր ըմբռնում չէ դարձած անկախության գաղափարը:Կան հայեր, որոնք ուրանում են Հայաստանի Հանրապետության գոյությունն անգամ:Եվ, սակայն, փաստը մնում է փաստ. ուրացումով պատմություն կարելի չէ ջնջել:
Մեծ եղելությունները մեծ ժամանակի են կարոտ ազգերի գիտակցությունը հեղաշրջելու համար:Այսօր, օրինակ, Վարդանանց պատմության շուրջ հայ ժողովրդի հանրային մտքի մեջ տարակածություն չկա. ամենքի համար Վարդանանց պատերազմը նվիրական է և 1036 նահատակները՝ սրբեր:Բայց պատերազմի օրերին, առաջ և վերջը, ամենքը համախորհուրդ և համերաշխ էին, միևնույն գիտակցությամբ տոգորված:Վարդանանց և Վասակյանց հակամարտություններն ու թշնամանքը, կուսակցական բախումներն ու կատաղի հակամարտությունները չե՞ն վրդովել ժամանակի հայ հասարակությանը:Հենց Եղիշեի պատմությունը չի՞ վկայում, որ մոլեգին հակամարտություններ են եղել ազգային քաղաքականության շուրջ, որոնք շատ կողմերով հիշեցնում են մեր օրերը:Բայց և անյպես ժամանակը արժեքավորել է պատմական իրողությունները, մոռացնել է տվել ինչ որ պետք է մոռացվեր և կենդանի ու անմահ է պահել ճշմարիտն ու իրավը, որպես ընդհանրական սեփականություն ազգի բոլոր հատվածների մտքում ու սրտում:
Նման եղելություն է և Մայիսի 28-ը:Հայ ժողովրդը երկար դարեր երազեց այդ օրը, և երբ օրը եկավ, անպատրաստ գտնվեց ազգովին տեսնելու և ընդունելու իրողությունը, «յիւրսն եկ և իւրքն զնա ոչ ընկալան...» Գաղափարական բաժանումը և պայքարը անկախության շուրջ ընդհանրապես և Հայաստանի Հանրապետության առթիվ ի մասնավորի շարունակվում է անընդհատ:
Եվ զարմանալի չէ բնավ, որովհետև Հայաստանի Հանրապետությունը դեռ պատմություն չէ դարձած, այլ ներկա է:Դեռ կենդանի են այն բոլոր գաղափարներն ու դեպքերի հուշերը, որոնց շուրջ բաժանված է հայությունը Հանրապետության օրերին, դեռ ողջ է ժամանակի դերակատարների մի մասը, և վառ են կրքերն ու հակամարտությունները:
Ժամանակը վճռական գործոն է պատմական դեպքերի գնահատության համար և ժամանկաի հետ նաև սերունդների փոփոխությունը:Սակայն, քառասուն տարին բավական չեղավ, որպեսզի Հայաստանի Հանրապետության շուրջ հրահրված կրքերը մարեին, և անկախության գաղափարը իր արժանավոր տեղը գրավեր հայ ժողովրդի ընդհանուր գիտակցության մեջ:
Բայց, որքան և կարճ, ժամանակը իր դերը կատարում է արդեն:Երևանի պատմագրությունը-վարանումով, անշուշտ սկսել է արդեն դրական վերաբերոմ ցույց տալ դեպի հանրապետության հետ կապված որոշ դեպքեր:Հիշատակվում է Սարդարապատի ճակատամարտը,Բաշ-Ապարանը, իբրև հերոսական դրվագ հայ ժողովդի նորագույն պատմության, փույթ չէ թե կոմունիստ կուսակցության վերագրվի այդ դեպքը:Բնավ պիտի չզարմանաք, եթե վաղը Մայիսի 28 էլ յուրացվի բոլշևիկների կողմից:Թող յուրացնեն. կարևորը այն չէ, թե ով է հեղինակը պատմական դեպքերի, այլ կար.որը դեպքերն են:
Ով և ինչպես ուրանա, անհերքելի է, որ երեկվա ուրացողները այսօր ստիպված են ընդունելու Հայաստանի Հանրապետության եղելությունը:Ընդ հուր և ընդ սուր անցնելով, անհաշիվ զոհերի գնով, հայ ժողովուրդը 1918թ. Մայիսի 28-ին հիմք դրեց ազգային անկախ պետության՝ Հայաստանի Հանրապետության:Այս իրողությունը կարելի չէ ուանալ և ո՛չ մի ուրացումով:
Որևէ ուրացումով կամ փաստերի խեղաթյուրումով կարելի չէ հերքել և այն փաստը, որ 1920թ. դեկտ. 2-ին, կամ, եթե հաճելի է, նոյեմբերի 29-ին տեղի ունեցավ ոչ թե Հայաստանի նոր պետության ստեղծումը, այլ գոյություն ունեցով ունեցով Հանրապետության վարչաձևի փոփոխություն. ժողովրդական անկախ հանրապետությունը տեղ հաստատվեց խոհրդային անկախ հանրապետություն:Մի տարի անց, ոչ հայ ժողովրդի կամքով, այլ դրսից եկած հրամանով և օտար սվինների սպառնալիքի տակ, Խորհրդային Հայաստանը զրկվեց անկախությունից՝ դառնալով Անդրկովկասյան Դաշնակցության անդամ:
Այսպիսով՝ պատմական իրողություն է, որ ներկա խորհրդ. Հայաստանը շարունակությունն է Հայաստանի հանրապետությաան:Եթե տեղի չունենաին այն մաքառումները, որոնք հանգեցին հայկական անկախ պետության ստեղծման 1918թ. Մայիսի 28-ին, եթե գոյություն չունենար Հայաստանի Հանրապետությունը իր ազգային կազմով ու նկարագրով, այսօր գոյություն չէր ունենա և խորհրդ. Հայաստանը ազգային կազմով ու դիմագծով:
Հայաստանի խորհրդային վարչաձևը շատ ճիգ թափեց, որպեսզի ազատագրվի հայ ժողովրդի քաղաքական ժառանգությունից. մերժեց ընդունել «ամենայն հայոց կառավարության» դերը, հրաժարվեց հայկական հարցի հետապնդումից, ուրացավ հայկական Սփյուռքի գոյությունը:Ի զուր, ժամանակը պարտադրեց նրան ճանաչել և հայկական հարցը, և հայկական Սփյուռքը, և անբնական չի լինի, եթե վաղը իր վրա առնե և «ամենայն հայոց կառավարության» պատմուճանն էլ:Ժամանակը ունի և իր խորհուրդը:Հայաստանի Հանրապետության սերունդը և իր հաջորդները այդ օրվան են սպասում և պայքարում են այդ որվա համար:
Վարչաձևերը ժամանակավոր երևույթ են:
Ժամանակավոր են վարիչները: Հավերժական են ազգերն ու հայրենիքները՝ հայրենի հողի վրա նստած ժողովուրդները: Հավերժական է ազատատենչ հայ ժողովուրդը, որ մահվամբ մահը կոխելով՝ կերտեց հայրենիքի անկախությունը:
Հայաստանի Հանրապետությունը շարունակում է ապրել հայ ժողովրդի սրտում, որպես մշտավառ հուշ անցյալի և իբրև կենդանի հույս ապագայի:
«Հայաստանի Հանրապետություն»
Комментариев нет:
Отправить комментарий