Ջրային ակնոցս նոր էի գնել: Մեծ, քառակուսի ապակիներով ակնոց էր: Այնքան զզվելի հոտ էր գալիս, որ երբ ուզում էիր դնել աչքերիդ՝ չէիր կարողանում, հոտը խեղդում էր: Որոշ ժամանակ անց հոտը քիչ-քիչ անցավ , բայց ստացվեց այնպես, որ այդ օրը այդպես էլ չդրեցի ակնոցը, չփորձեցի:
Հաջորդ օրը էլէկտրագնացքով գնացինք ծովափ: Մոտ մեկ ժամ տևեց ճանապարհը: Չեմ կարող ասել, թե շատ գեղեցիկ էր քաղաքը, որը երևում էր վագոնի պատուհաններից, ամեն դեպքում հետաքրքիր էր, նայելու բան կար, ի վերջո Ստամբուլն էր, աշխարհահռչակ Ստամբուլը՝ իր ծայրամասերով...
Այն ծովափը, որը պիտի գնաինք կոչվում էր Յեշիլքյու կամ Յեշիլքոյ. կարևոր չէ: Էլիտար թաղամաս էր երևում, ամբողջ ծովափին՝ ջրից 60-70 մետր հեռավորության վրա մեկ, շարքով առանձնատներ էին, 2-3 հարկանի, տարբեր ոճերով կառուցված: Ոչ մի քարե պարիսպ չկար, միայն երկաթե ճաղեր էին, տարբեր բույսերով փակված, որոնք թույլ չէին տալիս տեսնել տան բակը: Իսկ լողափը բավականին մաքուր էր, բավականին լայն, բայց չէր կարելի ասել, թե շատ մարդ կար:
Լողափի մաքրությունը և առանձնատների կառուցվածքը նկատեցի շատ ավելի ուշ, քանի որ լողափին հասնելուն պես մերկացա, վերցրի ակնոցս և վազեցի դեպի ջուրը: Հասել էր այն ժամը, երբ պիտի կրեի ակնոցը, այդքան սիրելի ակնոցը...
Երբ արդեն հասնում էի ջրին մի թուրք երեխա մոտեցավ, հավանաբար ինձանից մի 2-3 տարի մեծ էր. խնդրեց, որ ակնոցս տամ իրեն: Դե կարող էի չտալ, բայց տվեցի: Տվեցի և տխրեցի մի տեսակ, չէ՞ որ դա իմ ակնոցն էր, ես էի գնել, էլ ինչո՞ւ պիտի առաջինը ինչ-որ թուրք երեխա օգտագործեր այլ, ոչ թե ես:
7-8 րոպեից վերադարձրեց, բայց այդ ժամանակ էլ նրա եղբայրը ուզեց, նրան էլ տվեցի, հետո էլի մի աղջիկ ուզեց, և այդպես մի քանի հոգի...
Երբ համոզվեցի, որ այլևս ոչ-մեկ չի ուզելու դա, արագ դրեցի գլխիս, մի քիչ թուլացրեցի և մտա ջուրը...
Մենք մի քանի հոգով էինք, ծովափի այդ հատվածին մարդիկ քիչ կային, մի քանի տղաներ, մի մեծ ընտանիք և մենք: Այդ մեծ ընտանիքը ( իմ պատկերացմամբ գոնե ազգականներ էին) բաղկացած էր 5 10-14 տարեկան երեխաներից և 4 կանանցից, չեմ հիշում տղամարդ կա՞ր հետները, թե՞ ոչ:
Խեղճերի փչովի օղակը հանկարծ 12-13 տարեկան աղջնակի մոտից հեռու լողաց: Մի պահ դադար տվեցի և սկսեցի այդ ուղղությամբ նայել, ուզում էի տեսնել կկարողանա՞ն հասնել և վերցնել, թե՞ ոչ: Չկարողացան: Եվս 15-20 մետր անցավ և սրանք վերջնականապես հույսները կտրեցին, հասկացան, որ այլևս չեն կարող հասնել դրան և աղերսող հայացքով սկսեցին աջ ու ձախ նայել: Այդպիսի հայացքը ինձ էլ դիպավ և միանգամից, արագ թափով լողացի դեպի օղակը: Ինձանից առաջ ևս 3 հոգի լողում էի դեպի նա, բայց այդ գրողի տարած օղակը այդպես էլ ոչմեկի ձեռքերի մեջ չէր հայտնվում, այլ ընդհակառակը՝ առաջ էր շարժվում:
Արդեն 25-30 մետր հեռացել էր ափից, լողացողներից մեկը ետ դարձավ, վախեցավ այլևս առաջ շարժվել, մնացինք չորսով՝ 3 թուրք և ես (ինձանից հետո մեկը ևս ծլել էր՝ չգիտես որտեղից) : Գրեթ իրար հավասար առաջ էինք շարժվում, ընդամենը 5-6 մետր էր հեռու այդ իրը, բայց մեկ է չէինք հասնում, թուրքերից մեկը դադարեցրեց լողալ, մի պահ կանգ առավ, շրջվեց և վերադարձավ լողափ: Մեր և լողափի միջև եղած տարածությունը արդեն 40 մետր կլիներ:
Նորից լողացինք, արդեն բավականինն հոգնել էինք, բայց ետ դառնալ մասին չէի մտածում, կարծես մրցակցւթյուն լիներ, թե ով ավելի երկար կլողա, ով ավելի անվախ կլինի, և հենց այդ մտածմունքի պահին էլ երեքիցս մեկը ետ վերադարձավ, մնացինք երկուսուվ՝ առավել վճռականներով:
60-65 մետր կլիներ հեռավորությունը, ափին մարդիկ հավաքվել և մեզ էին նայում, երևի ավելի շատ ոչ թե փչովի օղակի մասին էին մտածում, այլ թե ով ավելի երկար կդիմանա:
Ավելի շատ դիմացողը ես եղա. երբ արդեն մոտ 70 մետր էինք հեռու ափից, այդ մի թուքրը ևս ետ դարձավ: Մի պահ կանգ առա: Եվ վախեցա, և ուրախացա: Ուրախացա, քանի որ այդ վերջին մրցակիցս հանձնվեց, նրա ուժերը և քաջությունը չհերիքեցին, իսկ իմը հերիքեց, և վախեցա, քանի որ հայտնվել էի ափից մոտ 70 մետր հեռավորութան վրա, կողքիս ոչ ոք չկար, միայն ես էի և օղակը, բայց պետք էր լարել վերջին ուժերը և անպայման հասնել այդ օղակին, չէ՞ որ այս ամբողջ արկածը հենց դրա պատճառով էր սկսվել...
...Հասա լողափին, օղակից իջա, վերցրի ձեռքս և քայլեցի հավաքված մարդկանց մոտ: Վերադարձրի տիրոջը, զգում էի, թե ինչպես էին նայում ինձ, ինչեր էին մտածում իմ մասին, լսում էի՝ ինչպես էին ամեն կողմից շնորհակալություն հայտնում ու գովասանքի խոսքեր ասում իրենց մայրենի լեզվով:
-Վրացի՞ ես,- թուրքերենով հարցրեց մոտ 30 տարեկան մի կին(օղակի տերը), որը իր գլխաշորով էր լողում:
Մեր խոսակցություններից հասկացել էին, որ թուրք չեմ, ես վստահ եմ, որ գիտեին իմ հայ լինելու մասին, սակայն նրանց ազգային ինքնասիրությունը թույլ չէր տալիս հավատալ նրան, որ իրենց օղակը ետ բերողը հայ էր, էրմենի էր, որ միայն այդ էրմենին այդքան երկար լողաց, իսկ իրենց թուրք եղբայրները չլողացին այդքան, չկարողացա, չուզեցին: Իրենց թրքությունը թույլ չէր տալիս այդքան շնորհակալություն հայտնել մի հայից, և որպես վերջին հույս, մի վերջին անգամ իմ հայ լինելը վիճարկելու համար հարցրին.
-Վրացի՞ ես:
- Հա՛յ եմ...
Նորից շնորհակալություն հայտնեցին և ես հեռացա:
Մի քանի մետր քայլեցի, մտածեցի այսօրվա կատարած սխրանքներիս մասին և ընկղմվեցի ծովի կապույտ ալիքների մեջ....
Էրիկ Իսրաելյան
Комментариев нет:
Отправить комментарий