пятница, 1 марта 2013 г.

Նժդեհի ռազմավարությունը Սյունիքում:(2)





      Մեր ռազմավարական ժեստերին տարերայնություն էին հաղորդում ծանոթ բարոյական ազդակները, ահաբեկիչ բնույթ՝ ուժանակը, որը գործածվում էր հետևյալ ձևերով.
   Պայթուցիկ տակառներ-Սյունիքի տեղագրությունը այդ երկրում շարժվողից անվերջ բարձրանալ  ու իջնել, իջնել ու բարձրանալ է պահանջում:Եթե թշնամուն չէր հաջողվում թնդանոթային կրակով մաքրել մեր ձեռքին գտնվող բարձրունքները, նա ստիպված հաճախ թափվում էր ձորերը՝ առաջանալու նպատակով:Ահա՛ հենց այդ ժամանակ մեր տակառաձիգների կողմից գործի էին դրվում դինամիտային տակառները՝ Սյունիքի «Տանկաներ»-ը:Վերջինները, հավասարակշռությունը կորցրած ժայռերի պես, լեռների կատարներից գահավիժորեն գլորվում էին դեպի ձորերը, մի ահռելի դղրդյունով պայթում ճանապարհին և քարերի ու երկաթի կտորների մի ամբողջ հեղեղ թափում առաջացող թշնամու գլխին:

   Տակառների պայթյուններին հետևում էր մեր վաշտերի «Դինամիտային գրոհը»:Հանկարծակիի եկած թշնամին նման դեպքերում ստիպված էր լինում ընտրել երկու միջոցներից մեկը՝ նահնաջ մեծ կորուստով կամ գերություն:

   Գրոհող ժայռեր-Թշնամու գործողության ուղղության վրա, ասել է՝ մեր և թշնամու միջև եղած տարածության վրա գտնվող բարձրունքների կատարներին մի-մի շարք ժայռերի տակ նախօրոք թաղվում էր որոշ քանակությամբ ուժանակ:Թշնամին, մեզ հետ բախման մեջ մտնելու համար, անհրաժեշտորեն պիտի գրավեր «ականված կետերը», որոնք, նայած տեղագրական պայմաններին, լինում էին  մեկ, երկու, երեք կամ ավելի:«ականները» պայթեցվում էին այդ կետերի վրա նշանակված դիտողների կողմից:
   Այդ միջոցին դիմում էինք, երբ պետք էր լինում, դեռ կռիվը չսկսված, թշնամու շարքերում խուճապ առաջացնել:Պայթող ժայռերի ստեղծած «Քարե կարկուտը» փոշու և ծխի ամպերով լցնում էր ձորերը, անդամալուծելով թշնամու ուժերի առաջխաղացումը:Օգտվելով ստեղծված հոգեբանական վիճակից, Սյունիքի վաշտերը վճռում էին կռվի բախտը:


   Արհեստական հրաբուխ-Համոզված, որ թշնամին Լեռնահայաստանի գավառակներից մեկն ու մեկին տեր դառնալու համար նախ պիտի փորձի գրավել Ա կամ Բ բարձունքը՝ իր հետագա առաջխաղացումն ապահովելու համար, նախօրոք, Ա կամ Բ բարձունքի վրա, որոշ դասավորությամբ ու հեռավորությամբ, ժայռերի տակ, մացառների մեջ թաղում էինք մի քանի, երբեմն մինչև 10 մեծ պայթուցիկ տակառներ:Այս դեպքում պայթյունը, մոտ 600 քայլ հեռավորության վրա մեր դարաններից, առաջ էր բերում ձեռքի թեթև դինամո-մեքենան՝ «Ականների» և մեր դարանների միջև ձգվող բիկֆորդյան թելի միջոցով:
   Պայթող տակառները թշնամու ուժերի որոշ մասի հետ երկինք էին բարձրացնում քարերի, ջարդված ծառերի ու հողի մի հսկայական քանակություն:

   Շարունակելի...


Комментариев нет:

Отправить комментарий