четверг, 14 марта 2013 г.

Նժդեհի ռազմավարությունը Սյունիքում(3)




    Մուրճ ու Ոստայն-Ռազմական ուժերիս մի չնչին մասը, որպես նուրբ ոստայն, տարածում էի մեր ռազմակաճատի ոչ կարևոր կետերի վրա, իսկ մեծ մասը պահում իմ ղեկավարության տակ՝ վճռական վայրկյանի համար, որպես հարվածող բռունցք, որպես կենդանի մուրճ:
     Թշնամին սկսում է իր առաջխաղացումը:Իմ ուժերը շարունակում են որոշ ժամանակ մնալ կրավորական վիճակի մեջ, մինչև որ թշնամին, առաջանալով, կթուլանա իր կարևոր կետերի վրա և հնարավորությունը կտա ինձ՝ թևային կամ թիկնային արագ շարժումով, իմ կենդանի մուրճը իջեցնել թշնամու հենց նույն կարևոր կետերի վրա:Այս ձևով հաճախ հաջողվում էր ինձ , ուր որ և երբ որ պետք էր լինել ուժեղ:
    Ուժանակային հրավառություն-Իմ ուժերի քանակը, ինչպես և իմ գործողության ուղղությունը չմատնելու համար, վճռական գործողությունների էի անցնում ընդհանրապես գիշերները:
    Թշնամու ուշադրությունը մեր դիրքերին բևեռած պահելու նպատակով, մեր ռազմաճակատների զանազան կետերի վրա, խարույկների ձևով վառում էինք, երբեմն, 100-ի չափ դինամիտային մոմեր և ապա, օգտվելով մթությունից, թեթև զորախմբերով անցնում էինք թշնամու զորաթևերն ու թիկունքը և վտանգում նրա դրությունը:
    Այս ռազմադավի դեպքում, ճակատից մեզ սպասող թշնամին, հանկարածակիի եկած, կամ նահանջում էր, կամ կռիվն ընդունում էր իրեն համար շատ ծանր պայմանների մեջ:
    Գայլերն առաջ-Թշնամուն՝ իր մեծաքանակ թնդանոթներից ու գնդացիրներից օգտվելու հնարավորությունից, ասել է մեզ իրական կորուստներ պատճառելու հնարավորությունից զրկելու համար դիմում էինք հետևյալ միջոցին:
    Նրա թնդանոթների առաջին բոմբյունին, ինչպես և գնդացինրների «Տա-տա-տա»- ին հետևում էր մեր գայլախմբերի պետերի հրամանը՝ «Գայլերն առաջ«: Եվ համարձակ ու վտանգելի գործողությունների մեջ մարզված ու մասնգաիտացած մեր գայլ-զինվորները, ծանոթ երկրի տեղագրական ամենանուրբ մանրամասնություններին,նետվում էին առաջ: Եվ միշտ էլ, երբ մեր «գայլերը» երևում էին հարկավոր կետերի վրա, որտեղից կարելի է վտանգ սպառնալ, հակառակորդը ստիպված կամ լռության էր մատնում իր թնդանոթներն ու գնդացիրները, կամ հետ փախցնում:
    Այս ձևով անդամալուծվում էին թշնամու լավագույն զենքերը:
        Որսորդներն առաջ-Գործող զորամասնրն այնքան են ուժեղ, որքան զգալի է հրամանատարական կազմի ներկայությունը կռվի ժամանակ, ճակատներում:
    Հակառակորդիս ուժերի անմիջական ղեկավարությունը թուլացնելու նպատակով, կռիվը բորբոքվելու պես, մեր անվրեպ խփող որսորդները, որոնց տրվում էր՝ որսալ միայն ղեկավարներին խնդիրը, անցնում էին գործի:
     «Զարկ հրամանատարներին և փրկիր զինվորներին»: Մեր շարքերից լսվող նման բացականչություններն ունենում էին իրենց ազդեցությունը:Ղեկավար տարրի նման ահաբեկումով, հաջողվում էր մեզ թշնամուն որոշ չափով զրկել իր զորամասերի անմիջական ղեկավարությունից, ասել է՝ թուլացնել նրան:
        Փրկարար ակնախաբություն-Ռազմավարական նման տարերային ու ահաբեկիչ ձևերից  սարսափահար թշանմու անվճռականությունը երբեմն դառնում էր զավեշտական:
    Նրա սարսափահար երևակայությունը Սյունիքի ամեն մի բարձրունքը դարձրել էր «Արհեստական հրաբուխ», ամեն մի ձորը՝ անհատակ պարկ, ամեն մի քարը՝ «գրոհող ժայռ»:
    Մասնավորապես գիշերները, մառախուղի, ձյունի և անձրևների ժամանակ, երբ մեր գայլավաշտերն, ծանոթ երկրի տեղագրական պայմաններին, կրկնապատկում էին իրենց հանգնությունն ու վճռականությունը, թշնամին դառնում էր կենդանի դիակ՝ ընդունակ միայն ծեծվելու:
    Քառասուն օր շարունակ, նա երկու թնդանոթներով ու մոտ երկու տասնյակ գնդացիրներով ռմբակոծեց Շիվանի Ձորի մեր դիրքերը, առանց մի քայլ իսկ առաջանալու դեպի ձորը, որի մեջ ընկած է գյուղը:

1 комментарий:

  1. Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

    ОтветитьУдалить