вторник, 19 марта 2013 г.

Հուշեր Թումանյանի մասին...



   Թոթովենցը Թումանյանին առաջին անգամ տեսել է Էջմիածնի վանքի բակում, որտեղ հավաքվել էին մեծ թվով գաղթականներ:Ամեն կետում մարդ էր մեռնում, շատերը սովից կամ հիվանդություններից...
    Հանկարծ սկսում է անձրև, որը քիչ ժամանակ անց վերածվում է տեղատարափ անձրևի և հեղհեղում է գետինը:Ամեն տեղ լցվեց գաղթականներով, բայց դեռ հազարավոր գաղթականներ դրսում էին և Թումանյանը ստիպված գաղթականների առաջ բացում է նոր կառուցվող վեհարանը, որ մինչև այդ անձեռնմխելի էր:
   Դա զայրացնում է Կաթողիկոսին (Գևորգ Ե):
   Ասում էին, որ երեկոյան Վեհափառը կանչել է Թումանյանին և հանդիմանել նրան այդ «բռնի» գործողությունների համար:
   Վեհափառը պատվիրել է, որ Թումանյանը այլևս այդպիսի բան չանի, սակայն Թումանյանը պատասխանել է, որ պիտի անի, եթե անհրաժեշտություն լինի:Հայոց հայրապետը կանգնել է ոտքի և հայտարարել.
   -Դուք խոսում եք Ամենայն Հայոց Հայրապետի հետ:
   Գրողը նրան պատասխանել է.
   -Իսկ դուք խոսում եք ամենայն հայոց բանաստեղծի հետ:
                                                                  ***



Մի օր, սեղանի շուրջը Թումանյանը առաջարկում է խմել Անդրանիկի կենացը և ասում.
    -Սրանից 20 տարի առաջ կար երկու նշանավոր բան՝ Խրիմյան Հայրիկը և իմ «Շունն ու կատուն», 20 տարի է անցել, բայց էլի երկու նշանավոր բան կա՜ իմ «Շունն ու կատուն» և Անդրանիկը, խմում եմ երկու նշանավորներից մեկի՜ Անդրանիկի կենացը:
Հովհ.Թումանյանի հումորով արված այդ գեղեցիկ և իմաստալից համեմատությունը շատ աշխույժ ծիծաղ է առաջացնում: Անդրանիկը դրան պատասխանում է.
     -Կանցնեն տարիներ, ոչ ես կլինեմ, ոչ էլ Թումանյանը, բայց կլինի մի նշանավոր բան՝ «Շունն ու կատուն», խմենք նրա կենացը:
                                                                          ***

   Թումանյանի տիկինը, տասը երեխաների մայրը, բարեմտորեն գանգատվելիս է եղել, որ Հովհաննեսն իսկի տուն չի գալիս:
   Թումանյանը նրան պատասխանել է.
   -Ո՞նց թե տուն չեմ գալիս, ա՛յ կնիկ, եթե իսկի տուն չեմ եկել, մի տա՞սն անգամ էլ չեմ եկել:
                                                                           ***

Խնկո-Ապերը ինչ-որ մի խոսք նետեց Թումանյանին...
   Թումանյանը վեր կացավ:
   -Երբ մեկը հրացանը քաշում է և ուզում է մի ուրիշին խփել, եթե հրացանը լիքն է, խփվողն է վախենում, իսկ եթե հրացանը դատարկ է, խփողն է վախենում:Խնկո-Ապերը հրացանն ինձ ուղղեց ու...վախեցավ...
   Բոլորն սկսեցին ծիծաղել:Խնկո-ապերն այնքան քաշվեց աթոռի մեջ, որ էլ չէր երևում:
                                                                       ***

    Թումանյանը և Ահարոնյանը իրար չէին սիրում:Մի օր թումայանը ինձ(Վ.Թոթովենց) ցույց տվեց մի այցետոմս:Ահարոնյանը գրում էր.«Հովհաննես, եկա տունդ, տանը չէիր, անհունապես տխրեցի»:
   Թումանյանը ծիծաղեց և ասաց.
   -Շատ լավ, եթե իմ՝ տանը չլինելը քեզ անհունապես տխրեցնում է, ապա եթե մեռնեմ, ո՞նց ես տխրելու, ա՛յ մարդ, մի ֆրազին մտիկ. չէ՞ որ «անհունապեսից» դենն էլ բան չկա, անհունապե՛ս...ֆլա՛ն-ֆստա՛ն...
                                                                         ***

Ամերիկացիներից մեկը, չգիտեմ թե ինչու, հարց տվեց թումանյանին.
   -Ի՞նչ տարբերություն եք գտնում հայերի և ամերիկացնիների մեջ:
   -Ամերիկացիները ծնվում են, ապրում են և մեռնում, իսկ հայերը ծնվում են, ապրում և սպանվում,- պատասխանում է գրողը:
                                                                         ***
Թումանյանը հաճախ էր ասում.
   -գրել եմ միայն էն ժամանակ, երբ հիվանդ եմ եղել, և բժիշկներն արգելել են որևէ մեկի այցելությունը:
   Մի օր ասաց.
   -Էս «Հազարան բլբուլն» էլ վզիս է չոքել, մի երկար չեմ հիվանդանում, որ մի բան դուրս գա:
                                                                         ***
   Թումանյանի տանը Անդրանիկը իր կռիվներից ինչ-որ բան էր պատմում և Թումանյանը կլանված լսում էր.
   -Թուրս քաշեցի...,- ասաց Անդրանիկը և կանգ առավ:
   Նա ուներ այդպիսի սովորություն, այդ կանգ առնելը ժամանակ էր տալիս որպեսզի լսողը ընդգրկի պահը:
   Բայց Թումանյանը չհամբերեց և սկսեց գոռալ.
   -Խփի՛ր, Խփի՛ր...










Комментариев нет:

Отправить комментарий