понедельник, 11 марта 2013 г.

Մի էջ Կարեն Դեմիրճյանի կյանքից


1985թ. մայիսի վերջին Հայաստան ժամանեց Խորհրդային Միության կոմկուսի կենտկոմի երկրորդ քարտուղար Եգոր Լիգաչովը` Երևան քաղաքին Լենինի շքանշան հանձնելու նպատակով, ինչով քաղաքը պարգևատրվել էր ձեռք բերած հաջողությունների շնորհիվ։ Բնականաբար, մենք նրան պետք է ծանոթացնեինք քաղաքին, ցույց տայինք հիշարժան վայրերը։ Երբ գտնվում էինք Ծիծեռնակաբերդում, այցելեցինք մարզահամերգային համալիր։ Լիգաչովն ուղղակի ապշեց կառույցի թափից, շքեղությունից և շինարարության որակից։ Ըստ երևույթին, նրա մեջ այդ զգացմունքներից բացի նաև նախանձ առաջացավ. և նա փորձեց քննադատել մեզ` միջոցները շռայլելու և չափից դուրս շքեղություն թույլ տալու համար։

Սակայն Դեմիրճյանը իրեն չկորցրեց.

-Ժողովրդի համար ոչինչ ափսոսել չի կարելի,- ասաց նա,- իսկ այս կառույցը ժողովրդի համար է։

Լիգաչովն ստիպված էր լռել։

Այնուհետև այցելեցինք Մեծ եղեռնի հուշարձան։ Երբ հավերժական կրակի մոտ ծաղիկներ դնելուց հետո բարձրացանք վերև, Լիգաչովը դիտեց շրջակայքը, տեսավ, որ իր հետ էինք միայն Դեմիրճյանը և ես (մյուսները մի քիչ հետ էին մնացել) դիմեց նրան։

-Ընկե՛ր Դեմիրճյան,- ասաց նա,- ենթադրենք, թե Թուրքիան ինչ-որ ժամանակ դառնա դեմոկրատական սոցիալիստական պետություն, Հայաստանի և հայերի բացասական վերաբերմունքը նրա նկատմամբ կփոխվի՞, թե՞ ոչ։

-Իհարկե՝ ո՛չ,- պատասխանեց Դեմիրճյանը։

-Ինչո՞ւ,- չհանգստացավ Լիգաչովը,- դուք, ի՞նչ է, նացիոնալի՞ստ եք։

Դեմիրճյանը շրջվեց դեպի Արարատ լեռը, որն այդ օրը շատ հստակ ու գեղեցիկ էր։

-Հայ մանուկները, երբ սկսում են ընկալել շրջապատը, իրենց ծնողներին, ուսուցիչներին հարց են տալիս, թե ինչո՞ւ չի կարելի մոտենալ այս` ամեն հային հոգեհարազատ Արարատ լեռանը։ Նրան բացատրում են։ Բնականաբար, նրա ուղեղում բողոք է առաջանում դեպի անարդարությունը, դեպի այդ անարդարությունն ստեղծողները, այլ կերպ ասած` դեպի թուրքերն ու Թուրքիան,- պատասխանեց Դեմիրճյանը։

-Ուրեմն՝ այդ հարցը վերջ չունի՞,- հարցրեց Լիգաչովը։

-Ինչո՞ւ ոչ։ Եթե Ձեզ նման ենթադրենք. որ Թուրքիան ինչ-որ ժամանակ, ինչ-որ պայմաններից դրդված ընդունի ցեղասպանությունը, Հայաստանին վերադարձնի իր զավթած հողերը, հայերը կաշխատեն մոռանալ կրած տանջանքները և բացասական վերաբերմունք ցուցաբերել։ Մենք նացիոնալիստներ չենք, ընկեր Լիգաչով, մենք հայրենասերներ ենք,- վերջացրեց Դեմիրճյանը։

Եվ վերջապես Դեմիրճյանը չէ՞ր, որ առաջին անգամ պաշտոնապես օրինականացրեց Հայոց մեծ եղեռնի տարեդարձերը՝ այցելելով հուշարձան հանրապետության ամբողջ ղեկավարության հետ միասին, անձամբ ելույթ ունեցավ հանրապետական հեռուստատեսությամբ, հոդվածներ զետեղելով միութենական մամուլում և նշելով այդ տարեթիվը հեռուստատեսությամբ։

ԼԵՈՆԻԴ ՆԵՐՍԻՍՅԱՆ
«Կաթիլներ մեծ ծովից»

Комментариев нет:

Отправить комментарий