суббота, 23 марта 2013 г.

«Մարտական հրահանգներ»-մաս 4-րդ

Հատվածներ «մարտական հրահանգներից»
ՏԵՂԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ
Երեք-չորս ժամ քնելե հետո պետք է շուտով արթնացնեք խմբապետը, որ թե աչքով և թե դիտակով սարի գագաթեն դիտե չորս բոլորը: Խմբապետը վելետներուն /ճանապարհ ցույց տվողներին/ հարցնելու է ճանապարհի վրա պատահելիք գյուղերը, ջրերը, քրդերու վրանները, ցեղերու անունները, անոնց որքան զենք ունենալը և այլն, և ասոնք գրե ամենքն ալ: Հարցնե, թե վաղվա դիրքն այդտեղեն կերևի՞: Եթե կերևի – դիտակով շատ լավ նայե, իմանա երթալիք տեղերը, վաղվա դիրքն ավելի լավն է այսօրվանեն, այս գիշերվա ճանապարհն էր շատ, թե վաղվա գիշերվանը, և ասոնք բոլորը նկատողության առնե...
 
ՀԵՏԱՄՈՒՏ ԹՇՆԱՄԻՆ
Ձեր հետքերուն հետամտելով` թշնամին կուգա հարայհրոցով և կգոռա. "Այստեղ են, այստեղ": Բայց սուտ են, դիտմամբ այդպես կըսեն, որ մեր կողմե շարժում մը ընենք կամ հրացան բանանք, որ հանկարծակիի չգան: Եկողներն, առհասարակ, առաջ ձիավորները կըլլան և միշտ կխաղացնեն ձիերը` իրենց կողքերը դեպի ձեզ տված: Պետք է ամեն կերպ աշխատիլ չերևիլ այդ ժամանակ և թողուլ, որ մոտենան: Բոլոր զինվորները, հրացանները լեցուցած, կըսպասեն խմբապետի հրամանին: Երբ խմբապետը գոռաց` "Կրակ", զարնել անոնց, եթե ձիավորները հանդարտ են, իսկ եթե շարժման մեջ են` զարնել ձիերուն: Անհրաժեշտ է իրարու ետևե չորս-հինգ համազարկ բանալ, իսկ եթե թշնամին շատ է, շատ համազարկեր բանալ: Անոնք այն ատեն իսկույն կամ կփախչին, կամ կիջնեն ձիերեն և դիրք կբռնեն: Արդեն թշնամիին եկած ժամանակ անոնց շարժումներեն հայտնի կերևա, թե դիտված են խումբին որտեղ ըլլալը, թե չէ: Երբեք թողելու չէ, որ առաջին կրակը թշնամին բանա: Այս բանը խմբապետը նկատողության առնելու է, առաջին կրակը միշտ խումբի կողմեն բացվելու է: Այդ կրակեն թշնամին մեծ սարսափի մեջ կիյնա: Առաջին համազարկերը տալուն պես պետք է բարձր ձայնով հարայհրոց բարձրացնեն, իսկ հայտնի ձայն ունեցողները պոռան թշնամիին, թե` "Եկեք, մի փախչիք, մոտեցեք կռվինք": Մեր զինվորները պետք չէ հայհոյեն: Հայհոյելը տղամարդու գործ չէ: Համազարկի ժամանակ անհրաժեշտ է միշտ աղմուկ բարձրացնել, իսկ հանդարտ ժամանակ` կռվիլ ու երգել և նայել խմբապետի հրահանգներուն ու ձեր քովը գտնված տասնապետերուն: Պարապ տեղը չըլլա, որ փամփուշտ վառեք: Երբեմն ալ մոռանալ հրացանները մաքրել: Վիրավորված ընկերն անմիջապես բերվելու է վիրաբույժին քով:
 
ՊԱՇԱՐԻ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ
Ձմեռը բոլոր հրացաններու մանր մասերը շինել պիտի տաս, խմբապետ, պատրաստե նաև մի քանի կոթ ավելի: Հանկարծ կպատահի, որ զինվորի մը հրացանի կոթը կկոտրի, ու երբ պատրաստի ունենաս` անմիջապես կանցնես: Ունեցիր նաև չիվի, թենեքեի կտորներ, սոսինձ, որոնք պետք կուգան կոթերու համար: Առհասարակ, քաղաքեն փոխադրելիք հարկավոր ապրանքները ձմեռը փոխադրել տուր` գարնան համար, ամառը շատ դժվար է, ճամփաները կփակվին: Ամառը ձեզ շատ կհալածեն, ուստի գարնանը պատրաստել տուր` հալվա, շաքար, թեյ, չորթան, ժաժիկ, աղ դրած պանիր: Հալվայի ալյուրը, եթե յուղին մեջ շատ խարկված է, առնվազն երեք-չորս ամիս կպահվի: Այս բոլոր պաշարը զինվորներով փոխադրե զանազան ամուր տեղեր ու երբ խուզարկություններն սկսվին և հալածեն ձեզ, ուր որ երթաս` հաց կունենաս այն ատեն, իսկ եթե այս նախապատրաստությունները չի տեսնես` հացի համար, իհարկե, գյուղերը պիտի երթաս, և լուրը տարածվելով` թշնամին շատ շուտով պիտի գտնե ձեզ:
Զինորներու ամենակարևոր պետքերն են. Ոտնամանը, գուլպան, մեջքի գոտին, որոնցմե միշտ պետք է ավելորդ ունենաս, ինչպես նաև ոտնամաններուն կարկատան ձգելու համար կաշի առնելու և պահելու ես: Չըլլա, որ ոտնամաններուն տակ երկաթե չիվիներ զարնեք, որովհետև թե ձայն կհանեն և թե հետք կթողուն:
 
 ՊԱՀԵՍՏՆԵՐ
Պահեստները շինելու է քարքարոտ տեղեր, որպեսզի երթալ-գալու ատեն ոտքերի հետքեր չերևան: Ավելորդ հրացաններն ու փամփուշտները պահելու համար կշինես փայտե սնտուկներ: Հրացանները նախ լավ կը մաքրես, սյուրմեները կզատես հրացաններեն, կպատրաստես հասարակ կավե մուշամպաներ, լավ մը կյուղես, հրացանները կթաթախես այդ մուշամպայով և կդնես սնտուկներուն մեջ և չորս բոլորը գարիի թեփ լցնելով` կգոցես: Սյուրմեներն ալ առանձին պահելու է` վերը հիշված ձևով: Իսկ փամփուշտները կլցնես գարիի թեփով նավթի թենեքները, կդնես փայտե սնտուկների մեջ ու այնպես կպահես: Թենեքներու բերանը կավով կամ խմորով գոցելու է, որ օդ չանցնե: Միշտ մեծ թենեքներով ձեթի կամ կավի յուղ ունենալու է և առնվազն ամիսն անգամ մը մաքրելու է պահված զենքերը: Վառոդ և պայթուցիկ նյութերը առհասարակ կրակե հեռու պահել: 
Ռազմամթերքը սարի պահեստները փոխադրելու ժամանակ` դուք շալակել տանելու եք, որ ժողովուրդը չիմանա: Եթե ժողովրդեն ունիք երեք-չորս հատ խիստ հավատարիմ և գաղտնապահ ընկերներ, թող անոնք ալ գիտնան պահեստի տեղը` քու չի կրցած ժամանակդ անոնք կերթան կբերեն կամ միշտ կհսկեն:
 
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ
Տարբեր վայրերու և շրջաններու համար կարելի չէ միատեսակ և միահավասար ծրագրեր պատրաստել. Անհրաժեշտ է նայել շրջանի կամ վայրի դիրքերուն, անտառներուն և անոնց թիվերուն: Հաջողություն ունենալու համար նախ գործունեության վայրերը կամ շրջանը շատ լավ ուսումնասիրելու և ապա այդ շրջանի համար ներքին համապատասխան կանոնագիր մը կամ ծրագիր մը մշակելու է, որպեսզի գործնականորեն կարելի ըլլա գրել: Նախ քննել և տեղեկանալ, թե տեղական մարմինը որքան մտավոր և ռազմական ուժ ունի, որքան փորձառություն ու գիտություն ունի, ապա միայն թույլ տալ գործի անցնելու, ըստ իրենց ներքին ծրագրին կամ կանոնադրության:
Որևիցե վայրի մը ուսումնասիրությունը և անոր կանոնադրությունը նախօրոք ղրկել երկրեն դուրս գտնվող զինվորական խորհուրդին, որ ան ալ քննե և քիչ թե շատ տեղյակ ըլլա կատարվելիք գործերուն: Կատարվելիք ձեռնարկներու ծրագիրը դրսի զինվորական խորհուրդը պետք է խիստ գաղտնի պահի: Երկրի մեջ գտնված մարմինն ունի շաը ուրիշ գաղտնիքներ, զորս պարտավոր չէ հայտնելու դրսի զինվորական խորհուրդին. գործունեության ընդհանուր ծրագիրն ու վայրի ուսումնասիրությունը կբավե:
 
ԿԱՆԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ
Իբր ապստամբավայր ծառայող թե քաղաքը, թե գյուղը և թե քարերը, ջրերը, հովիտները լավ մը ուսումնասիրելե ետքը, դեռ աշունեն, գլխավոր դիրքերու մեջ պետք է գետնափոր տուներ շինել և որոշ չափով պաշար հավաքել: 
Շրջանի մը ապստամբության համար առնվազն ունենալու է 400 մոսին կամ ուրիշ հրացան, որը կարողանա 2000 մետր կամ 300 քայլ նետել: Ժողովուրդը զինելու համար պետք է ունենալ առնվազն 500 լավ բերդան կամ այնալի հրացան, յուրաքանչյուրը 500 փամփուշտով: Մոսիները ունենալու են 1500 փամփուշտ: Անհրաժեշտ է ունենալ առնվազն 15 ձեռք փամփուշտ լցնելու գործիք: Նախօրոք պատրաստ ըլլալու է բավականաչափ կապսուլ, վառոդ, թափած գնդակ: Եթե կապսուլ հանելու և դնելու գործիք չունիս, առաջուց շինել տված կըլլաս 100 հատի չափ պողպոտե հերուն` կոթերով, որոնցմով շատ արագ կհանվի ու կդրվի կապսուլը: Ամենակարևորը փամփուշտ սեղմող և վրա բերող գործիքներն են, որոնք շատ լավ տեսակեն ըլլալու են, որպեսզի իսկական փամփուշտեն մազաչափ տարբերություն չունենան անոնց սեղմած փամփուշտները: Պետք է ունենաս նաև փամփուշտի գնդակ անցած տեղը սեղմող գործիքներ, որ լավ սեղմեն և գնդակները չիյնան:
 
ՀԱՐՁԱԿՈՒՄ ԵՎ ՌԱԶՄԱՄԹԵՐՔԻ ԳՐԱՎՈՒՄ
Երբ կառավարությունն իմացավ, թե երկրի մեջ ապստամբական խումբ կա, չի սպասերմինչև որ դուք պատրաստվիք և զորեղ հարված տաք իրեն: Այդ ժամանակ դուք ավելի շուտ պատրաստվելու և հարձակվելու եք թշնամիին վրա` հանկարծակիի բերելով զայն: Եթե թշնամին ձեզի չափ է կամ երկու անգամ ձեզմե ավել և իրեն հետ ունի 30 կամ 100 սնտուկ փամփուշտ, առանց ժամանակ կորսնցնելու` հարձակեցեք: Բայց լավ նայեցեք, որ ձեր հարձակման ժամանակ թշնամիին մեծ մասը հեռուն գտնվի, որպեսզի չկրնա օգնության գալ և ձեզ վտանգել: 
Հարձակումը պետք է կատարեք գիշերը, ժամը 4-5-ին` ըստ տաճկաց: Անոնց քնանալու փողը կհնչե երեքին: Եթե հարձակման ժամանակ լուսին չըլլա, ավելի հաջողություն կունենաք: Երեկոյան մութը գալուն պես այդ շրջանի բոլոր հեռագրական փելերը կտրեցեք: 
Եթե թշնամին վրաններու մեջ է, այդ դեպքում պետք է լրտես մը ղրկես, որ իմանա, թե վրաններու տակերը փորվա՞ծ են մեջքի բարձրությամբ: Անոնք իրենց վախեն հաճախ կփորեն և դիրք մը կշինեն: Եթե վրանները դիրքեր ունին, դիրք չեղած կողմեն ղրկե 20 զինվոր, որոնց տասը թող քիչ մը հեռուն դիրք բռնե, իսկ մյուս տասը առաջ գա` փոքր ինչ իրարմե հեռու-հեռու: Թշնամիին զինվորները վրաններեն դուրս կուգան և կերթան այդ տասը հոգիին վրա. տղաքը թող մեկ-մեկ անգամ կրակեն և փախչեն դեպի իրենց մյուս տասը ընկերները, որոնք արդեն արհեստական կամ բնական դիրքի մեջ են մտած: Այն ժամանակ թող խմբապետը` մնացած խմբով, շատ արագ և ցրված կազմով հարձակվի և շուտով մտնե վրանների մեջ շինված դիրքերը: Ձեր այն ընկերները, որոնք ձեր դիմաց դիրք ունին, պետք է շատ լավ պաշտպանված ըլլան իրենց դիրքերուն մեջ, որպեսզի ձեր գնդակներեն չի վնասվին: Այսպիսով, թշնամին կմնա ձեր երկու կրակներուն մեջ: 
Այս պայմաններով կատարված հարձակում մը շատ մարդ չկրնար սպանել և մեծ հաջողություն չի խոստանար: 
Իսկ եթե վրաններու տակ դիրքեր չեն շինված, գիտցիր, որ զինվորները երկու-երեք օրեն պիտի փոխադրվին այլ տեղ: Այն ժամանակ, երբ ըսված ձևով քսան հոգի դարան թող մտնեն, իսկ խմբապետը թող հարձակվի կողքերեն և ետևեն: Այսպիսով, մեկ կողմը իբր թե բաց թողած կըլլաք: Թշնամիեն չինկածները փախուստ կուտան այդ կողմով` ուրկե կրակ չի բացվիր: Բայց դուք այն կողմն արդեն քսան հոգի պահած ունիք, որոնք, երբ փախչող թշնամին մոտենա 30-35 քայլ, քող զարնեն: Բայց չըլլա, որ հեռու եղած ժամանակ կրակ բանան` կարող են ընկերներուն վնասել: Փախչողները խիստ կշփոթվին, կրնա պատահիլ, որ մինչև անգամ ձեռքերնին հրացանի սյուրմեն չի բռնե, կամ թե իրարու զարնեն: 
Երբ տեսնես, որ ներսեն դիմադրություն կա, այն երկու լիտր վառոդը պարունակող ամաններուն, որոնք շատ հաստատուն պիտի ըլլան և որոնց ֆիթիլները պատրաստ` կրակ կուտաս և տանիքեն կամ պատուհանեն ներս կձգես: Այս միջոցին պետք է դիմել, երբ ռումբ չիկա: Այն ժամանակ մեծ պայթյուններ առաջ կուգան և ցնցումեն կարող է տունը քանդվիլ, եթե չի քանդվի, զորքն անձնատուր կըլլա անպատճառ: 
Հարկադրական նահանջի դեպքում, երբ թողնում եք գյուղը, պետք է տներն այրել, մթերքները ոչնչացնել, որպեսզի թշնամին գալով բնակավայր` հանգստանալու տեղ չունենա:

Комментариев нет:

Отправить комментарий