четверг, 6 июня 2013 г.

Վարդան Մամիկոնյանի կոչը հայոց զորքին

«Շատ պատերազմներ եմ մղել ես, և դուք էլ ինձ հետ, տեղ կար, որ քաջաբար հաղթեցինք թշնամիներին, տեղ էլ կար, որ նրանք հաղթեցին մեզ, բայց ավելի շատն այն է, որ հաղթող ենք դուրս եկել և ոչ թե հաղթված: Բայց այդ բոլորը մարմնավոր պարծանք էր, որովհետև անցավոր թագավորի հրամանով էինք մարտնչում: Ով փախչում էր, վատանուն էր երևում աշխարհում և նրանից անողորմ մահ էր ստանում. իսկ ով քաջությամբ առաջ էր ընկնում, քաջ անուն էր ժառանգում և մեծամեծ պարգևներ էր ստանում անցավոր և մահկանացու թագավորներից: Եվ մեզնից ամեն մեկս էլ ահավասիկ շատ վերքեր ու սպիներ ունենք մեր մարմինների վրա, և ուրիշ շատ քաջություններ էլ են եղել, որոնց համար և մեծամեծ պարգևներ են ստացվել: Անարգ ու անօգուտ եմ համարում այդ քաջությունները և ոչինչ բաներ` այդ բազմաթիվ պարգևները, որովհետև բոլորն էլ ոչնչանալու են: Իսկ արդ` եթե մահկանացու հրամանատուի համար այնպիսի քաջ գործեր էինք կատարում, ինչքա'ն ավելի ևս /պետք է կատարենք/ մեր Անմահ Թագավորի համար, որ Տերն է կենդանիների և մեռելների և բոլոր մարդկանց դատելու է իրենց գործերի համեմատ: Չէ որ եթե խիստ շատ ապրելով ծերանանք, միևնույն է` այս մարմնից պետք է բաժանվենք, որպեսզի մտնենք կենդանի Աստծու մոտ, որից այլևս չպետք է բաժանվենք: Արդ, աղաչում եմ ձեզ, ո'վ իմ քաջ նիզակակիցներ. մանավանդ որ ձեզանից շատերը քաջությամբ ինձնից ավելի լավ եք և հայրենական գահի պատվով` ավելի բարձր. բայց երբ ձեր հոժար կամքով ինձ կարգեցիք ձեզ առաջնորդ և զորագլուխ, թող իմ խոսքերը ախորժալուր և բաղձալի թվան մեծերիդ ու փոքրերիդ ականջներին: Չերկնչենք ու չվախենանք հեթանոսների բազմությունից և ոչ էլ մահկանացու մարդու ահռելի սրի դեմ թիկունքներս դարձնենք, որպեսզի եթե Տերը հաղթությունը մեր ձեռքը տա, ոչնչացնենք նրանց զորությունը, որպեսզի բարձրանա ճշմարտության կողմը, իսկ եթե հասել է ժամանակը մեր կյանքը Սուրբ մահով ավարտելու այս պատերազմում, ընդունենք ուրախ սրտով, միայն թե արիության ու քաջության մեջ վախկոտություն չխառնենք: Մանավանդ ես չեմ մոռացել և հիշում եմ, թե ինչպես ես և ձեզանից ոմանք այն ժամանակ անօրեն իշխանին խաբեցինք-մոլորեցրինք, ինչպես մի անպիտան մանուկ տղայի, երբ երեսանց նրա ամբարիշտ կամքը իբր կատարեցինք, բայց Տերն Ինքը վկա է մեզ, թե ծածուկ մտադրություններով ինչպես անբաժան ենք մնացել Նրանից: Այս դուք ինքներդ էլ գիտեք, որ հնարներ էինք փնտրում ազատելու մեր սիրելիներին, որոնք մեծ նեղության մեջ էին, որպեսզի նրանց հետ միասին մարտի մեջ մտնելով` կռվենք անօրեն իշխանի դեմ հայրենի Աստվածատուր օրենքների համար: Եվ երբ նրանց չկարողացանք որևէ կերպ օգնել, թող անհնար լինի, որ մարմնավոր սիրո համար Աստծուն մարդկանց հետ փոխանակենք: Իսկ արդ` երկու և երեք կռիվների մեջ Ինքը Տերը մեծ զորությամբ օգնեց մեզ, այնպես որ քաջության անուն ժառանգեցինք և արքունի զորքը չարաչար ջարդեցինք, մոգերին էլ անողորմ կերպով կոտորեցինք և կռապաշտության պղծությունը մի քանի տեղերից սրբեցինք, թագավորի անօրեն հրամանը ջնջեցինք-ոչնչացրինք, ծովի խռովությունն իջեցրինք, լեռնացած ալիքները դաշտացան, բարձրադեզ փրփուրն սպառվեց, գազանացած զայրույթը դադարեց: Նա, որ ամպերի վրայից էր որոտում, ընկճված` իր սովորական բնությունից էլ ցած իջավ` մեզ հետ խոսելով: Նա, որ խոսքով ու հրամանով էր ուզում կատարել իր չարությունը Սուրբ Եկեղեցու վերաբերմամբ, այժմ աղեղով ու նիզակով ու սրով է կռվում: Նա, որ կարծում էր, թե մենք քրիստոնեությունն իբրև զգեստ ունենք հագած, այժմ չի կարողանում մեզ փոխել, ինչպես մարմնի գույնը /չի կարելի փոխել/ , գուցե այլևս չկարողանա էլ մինչև վերջը: Որովհետև սրա հիմքերը հաստատ կերպով դրված են անշարժ վեմի վրա, ո'չ թե երկրի վրա, այլ վերևում` երկնքում, ուր ո'չ անձրևներ են գալիս, ո'չ քամիներ փչում և ո'չ էլ հեղեղներ հարուցանում: Եվ մենք էլ, թեպետև մարմնով երկրի վրա ենք, բայց հավատով երկնքում ենք հաստատված, որտեղ ոչ ոք չի կարող հասնել Քրիստոսի անձեռագործ շինվածքին: Հաստատ մնացեք մեր անդրդվելի Զորագլխի վրա, որ երբեք չի մոռանա ձեր քաջագործությունները: Ո'վ քաջեր, մեզ համար մեծ շնորհ է այս, որ Աստված կատարեց մեր բնության միջոցով, որի մեջ և մեծապես երևում է Աստծու զորությունը: Որովհետև եթե ուրիշներին կոտորելով Աստվածային օրենքների համար` մեզ պարծանք ժառանգեցինք և մեր ազգատոհմի քաջ անունը Եկեղեցուն թողինք, և վարձի ակնկալությունը Տիրոջից է, որ պահված է մեզնից ամեն մեկի համար իր սրտի հոժարության և կատարած գործերի համեմատ, ինչքան ավելի ևս, եթե մենք մեռնենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի մեծ վկայության համար, որ նույնիսկ երկնավոր հրեշտակներն են ցանկանում, եթե հնար լիներ: Եվ որովհետև այս պարգևները ոչ թե բոլորին է պատշաճ, այլ ում համար պատրաստում է բարերար Տերը, մեզ էլ այս պատահեց ո'չ թե մեր արդար գործերի համար, այլ աննախանձ Պարգևատուի կողմից. ինչպես որ ասում էլ է Սուրբ Կտակարանում. «Ուր ավելի եղավ մեղքը, այնտեղ էլ ավելացան Աստծու շնորհները»: Եվ խիստ հարմար է գալիս մեզ այս պատգամը. ինչպես որ մեծ չափով ամբարիշտ երևացինք մարդկանց, կրկնապատիկ չափով արդարացած կերևանք մարդկանց ու հրեշտակներին և ամենքի Հորը: Որովհետև չէ որ այն օրը, երբ մարդիկ լսեցին մեր ամբարիշտ գործը, շատ արտասուք թափվեց Սուրբ Եկեղեցում, և է'լ ավելի շատ` մեր սիրելիների մեջ: Մինչև անգամ մեր ընկերները զայրացած` սրով էին սպառնում մեզ և կամենում էին դառն մահով պատժել մեզ, և մեր ծառաները խրտնում-փախչում էին մեզանից: Հեռավոր մարդիկ էլ, որոնք լսել էին մեր քրիստոնեության անունը, տեղյակ չլինելով մեր մտադրություններին, ողբ ասելով` անդադար սուգ էին անում մեզ վրա և անգիտությամբ շատ անարգական բաներ էին խոսում մեր մասին: Եվ ինչ որ ամենից մեծն է` կասեմ. ո'չ միայն մարդիկ երկրի վրա, այլև հրեշտակները երկնքում իրենց երեսները շուռ տվին մեզնից, որպեսզի տխուր դեմքերով չնայեն մեզ: Եվ ահա եկել հասել է ժամանակը, որ ամեն մի կեղտ կոչված բան հեռացնենք մեզանից: Այն ժամանակ իբրև մի վշտալից սգավոր` հոգով ու մարմնով տրտմած էինք, այսօր երկուսով էլ զվարթացած ու զգաստացած` առհասարակ խելամիտ ենք դարձել. որովհետև բարերար Տիրոջն էլ տեսնում ենք մեզ հետ իբրև առաջնորդ. մեր Զորավարը մարդ չէ, այլ բոլոր մարտիրոսների Զորագլուխը: Վախը թերահավատության նշան է. թերահավատությունը մենք վաղուց ենք մերժել մեզանից. նրա հետ թող վախն էլ փախչի մեր մտքերից ու խորհուրդներից»:

 Եղիշե «Վարդանի և հայոց պատերազմի մասին»

Комментариев нет:

Отправить комментарий