вторник, 22 января 2013 г.

Հայկ Նահապետը և նրա ապստամբությունը:

                                             
                                             Հայկի ապստամբության մասին:  
Այս Հայկը, ասում է, վայելչակազմ էր, թիկնավետ,խիստ գանգուր մազերով, վառվռուն աչքերով, հաստ բազուկներով։ Սա քաջ և երևելի հանդիսացավ հսկաների մեջ, դիմադրող այն բոլորին, որոնք ձեռք էին բարձրացնում բոլոր հսկաների ու դյուցազունների վրա տիրապետելու։Սա խրոխտանալով ձեռք բարձրացրեց Բելի բռնավորության դեմ այն ժամանակ, երբ մարդկային ազգը սփռվում տարածվում էր բոլոր երկրի լայնության վրա, բազմաբոխ հսկաների, անչափ կատաղիների և ուժավորների մեջ:Որովհետև այս ժամանակ ամեն մի մարդ, խելագարված, սուրն ընկերի կողն էր կոխում, ձգտում էին մեկը մյուսի վրա տիրելու, և Բելին պատահմամբ հաջողվեց բռնանալ և բոլոր երկիրը գրավել:Որին Հայկը չկամենալով հնազանդել, Բաբելոնում Արամանյակ որդին ծնելուց հետո, չվեց դեպի Արարդին երկիրը, որ գտնվում է հյուսիսային կողմերում, իր որդիներով, դուստրերով և որդիների որդիներով, որ զորավոր մարդիկ էին, թվով մոտ երեք հարյուր հոգի, և ուրիշ ընդոծիններով(1), նրան հարած եկվորներով և բոլոր տունուտեղով:
Գնում բնակվում է մի լեռան ստորոտում դաշտավայր տեղում, որտեղ ապրում էին սակավաթիվ մարդիկ առաջուց ցրվածներից:Հայկը նրանց իրեն հնազանդեցնելով՝ այնտեղ կալվածում շինում է բնակության տուն(2) և տալիս է ժառանգություն Կադմոսին,Արամանյակի որդուն:Սա արդարացնում է ասված անգիր հին զրույցները:
   Իսկ ինքը, ասում է(Մար Աբասը), իր մնացած մարդկանցով և տունուտեղով շարժվում է դեպի հյուսիսային արևմուտք և գալիս բնակվում է մի բարձրավանդակ դաշտում և այս լեռնադաշտի անունը կոչում է Հարք, այսինքն թե այստեղ բնակողները հայեր են Թորգոմի տան սերունդի:Շինում է և մի գյուղ, որն իր անունով կոչում է Հայկաշեն:Այստեղ էլ պատմության մեջ հիշվում է, թե այս դաշտի հարավային կողմում, մի երկայանիստ լեռան մոտ, ապրելիս են եղել առաջուց սակավաթիվ մարդիկ, որոնք կամովին հնազանդել են դյուցազնին:Այս էլ արդարացնում է ասված անգիր զրույցները::



                                         Պատերազմի և Բելի մահվան մասին(3):
Խոսքը շարունակելով ասում է, թե իբր Տիտանյան Բելը իր թագավորությունն ամենքի վրա հաստատեց, ապա իր որդիներից մեկին հավատրիմ մարդկանց հետ ուղարկում է հյուսիսի կողմը Հայկի մոտ, որ նա հնազանդության գա և խաղաղությամբ ապրի:
«Դու ցուրտ սառնամանիքների մեջ բնակվեցիր, ասում է, սակայն տաքացրո՛ւ և մեղմացրո՛ւ քո հպարտ բնավորության ցուրտ սառնությունը և ինձ հնազանդելով, խաղաղ ապրիր՝ որտեղ որ կհաճես իմ երկրում բնակության տեղ ընտրել»>:Հայկը Բելի պատգամավորներին հետ է դարձնում խստությամբ պատեասխանելով:Ուղարկված պատգամավորը վերադառնում է Բաբելոն:
   Այն ժամանակ Տիտանյան Բելը զորք է ժողովում նրա դեմ և հետևակ զորքի մեծ բազմությամբ գալիս հասնում է հյուսիս, Արարդի երկիրը, Կադմոսի տան մոտ:Կադմոսը փախուստ է տալիս Հայկի մոտ, իրենիցց առաջ արագագնաց մարդիկ ուղաարկելով:
«Գիտցած եղիր, ասում է,  ո՛վ մեծդ դյացազունների մեջ, որ Բելը դիմում գալիս է քո վրա հավերժական  քաջերով և երկնադեզ հասակով մրցող հսկաներով։ Եվ ես իմանալով, որ նա մոտեցել է իմ տանը, փախա և ահա տագնապահար գալիս եմ քեզ մոտ: Ուրեմն շտապիր մտածել, ինչ որ անելու ես»։
    Իսկ Բելը հանդուգն ու անճոռնի ամբոխի զորությամբ, ինչպես մի հեղեղ,որ զառիվայրից ներքև է վիժում, շտապում էր հասնել Հայկի բնակության սահմանները, վստահ լինելով զորավոր մարդկանց սրտերի և անձերի վրա։ Այս ժամանակ ուշիմ ու խոհեմ հսկան, խիստ գանգուր մազերով, վառվռուն աչքերով, շտապով հավաքում է իր որդիներին ու թոռներին, քաջ և աղեղնավոր մարդկանց, թվով շատ նվազ, և ուրիշ մարդկանց, որ ձեռքի տակ ուներ, գնում հասնում է մի ծովակի ափ( Վանա լիճը), որի ջրերն աղի են և մանր ձկներ են պարունակում:Եվ իր զորքերը կանչելով՝ ասում է նրանց.« Երբ մենք դուրս կգանք Բելի ամբոխի դեմ, աշխատենք այն տեղին պատահել, որտեղ կանգնած կլինի Բելը քաջերի խուռն բազմության մեջ, որպեսզի կամ մեռնենք, և մեր աղխը Բելի ծառայության տակ ընկնի, կամ մեր մատների հաջողությունը նրա վրա ցույց տանք, նրա ամբոխը ցրվի, և մենք հաղթություն տանենք»։
   Եվ ամբողջ ասպարեզներ դեպի առաջ անցնելով՝ հասնում են բարձրագույն լեռների միջև մի դաշտաձև տեղ:Եվ ջրերի հոսանքի աջ կողմում բարձրավանդակի վրա ամուր դիրք գրավելով, գլուխները վեր բարձրացնելով տեսնում են Բելի բազմաթիվ ամբոխի անկարգ հրոսակը, որ հանդուգն հարձակումով ցիրուցան վազվզում էին երկրի երեսի վրա, իսկ ինքը՝ Բելը, մեծ ամբոխով հանդարտ կանգնած էր ջրի ձախ կողմում՝ մի բլրակի վրա՝ իբրև դիտանոցում:Հայկը ճանաչեց ապառազինված ջոկատի խումբը, որտեղ Բելը մի քանի ընտիր և սպառազինված մարդկանցով ամբոխի առաջն էր անցել, և երկար տարածություն կար նրա և ամբոխի միջև:Նա կրում էր երկաթե գլխանոց, նշաններ կրող վերջներով, թիկունքի և լանջի վրա պղնձե տախտակներ, սրունքների և թևերի վրա պահպանակներ, մեջքը կապել էր գոտի, որից ձախ կողմից կախված էր երկսայրի սուրը, աջ ձեռքում բռնել էր հսկայական նիզակը, իսկ ձախում վահան, նրա աջ և ձախ կողմում ընտիր զորականներ:Հայկը, տեսնելով պինդ սպառազինված Տիտանյանին և նրա աջ և ձախ կողմի ընտիր մարդկանց՝ կանգնեցնում է Արամանյակին երկու եղբայրներով աջ կողմը, Կադմոսին իր ուրիշ երկու որդիներով՝ ձախ կողմը, որովհետև աղեղ և սուր գործածելու մեջ կորովի մարդիկ էին, ինքը կանգնեց է առջևից, և մյուս բազմությունը կանգնեցրեց է իր հետևում, դասավորում է մոտավորապես՝ եռանկյունի ձևով և հանդարտ առաջ շարժվեց։

    Երբ երկու կողմի հսկաներն իրար մոտ հասան, երկրի վրա ահագին դղրդյուն բարձրացրին իրենց գրոհներով և իրար վրա ահ ու սարսափ էին գցում իրենց հարձակումների ձևերով:
Այնտեղ երկու կողմից ոչ պակաս սակավ հաղթանդամ մարդիկ սրի բերանի հանդիպելով թավալվում ընկնում էին գետնին, և կռիվն անորոշ էր մնում, երկու կողմերն էլ անպարտելի մնալով:Այս անսպասելի տարակուսական դիպվածը տեսնելով՝ Տիտանյան արքան զարհուրեց, և հետո քաշվելով սկսեց բարձրանալ այն բլուրը, որտեղից իջել էր և որովհետև մտածում էր ամբոխի մեջ ամրանալ, մինչև բոլոր զորքը հասնի, որպեսզի երկրորդ անգամ ճակատամարտ սարքի:Աղեղնավոր Հայկը այս բանը հասկանալով՝ իրեն առաջ է նետում, մոտ է հասնում արքային, պինդ քաշում է լայնալիճ աղեղը, երեքթևյան նետը դիպցնում է նրա կրծքի տախտակին, և սլաքը շեշտակի թափ անցնելով նրա թիկունքի միջով, գետին է խրվում. այս անգամ՝ ճոխացած Տիտանյանը կործանվում, ընկնում է գետինև շունչը փչում է:Իսկ Ամբոխն այս անգամ քաջության ահագին գործը տեսնելով փախչում է, ամեն մեկը իր երեսը դարձած կողմը:Այսքանը բավական լինի այս մասին:
   Բայց ճակատամարտի տեղը շենացնում՝ դարձնում է դաստակերտ և անունը դնում է Հայք, հաղթական պատերազմի պատճառով. սրանից գավառն էլ մինչև այժմ կոչվում է Հայոց ձոր:Իսկ այն բլուրը, որտեղ Բելն ընկավ քաջ զորականների հետ՝ Հայկը կոչեց Գերեզմանք, որին այժմ ասում են Գերեզմանակ:Բայց Բելի Դիակը, ասում է, դեղերով զմռսելով՝ Հայկը հրամայում է տանել Հարք և թաղել մի բարձրավանդակ տեղում ի տես իր կանանց և որդիների:Իսկ մեր աշխարհը մեր նախնի Հայկի անունով կոչվում է Հայք:





(1)Ընդոծին- Հին նահապետական տուն, որը բաղկացած էր հարյուրավոր մարդկանցից:
(2)Տուն-Այստեղ նշանակում է Ազգ:
(3)Խոշաբի ճակատամարտը տեղի է ունեցել մ.թ.ա 2492 թվականի օգոստոսի 11-ին, Վարագ լեռան և Վանա լճի միջև գտնվող տարածքում, Խոշաբի աջ ափին՝ գետաբերանից քիչ հեռու։


Մովսես Խորենացի «Հայոց պատմություն» :

Комментариев нет:

Отправить комментарий