пятница, 17 мая 2013 г.

Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման իրական օրը:



Ընդունված է ասել, որ Հայաստանի առաջին Հանրապետությունը հռաչկվել մայիսի 28-ին և այդ օրն էլ համարվում Հայաստանի Հնրապետության ծնունդը: Սակայն իրականությունն այլ է: Ստորև կբերեմ հատված Հայաստանի առաջին հանրապետության  վերջին վարչապետ Սիմոն Վրացյանի «Հայաստանի Հանրապետություն» աշխատությունից, որը նվիրված էր Հայաստանի հանրապետության հիմնադրման տասնամյակին:

   <<...Մայիսի 27-ին Ադրբեջանի ազգ.Խորհուրդն էլ որոշեց հայտարարել Ադրբեջանի անկախությունը. վարանումը այլևս անիմաստ էր: Դեպքերը գահավեժ՝ իրենք էին գալիս ստիպելու անել այն, ինչից մարդկային բանականությունը համառորեն աշխատում էր խուսափել:
   Անկախության հայտարարության վրա պնդում էին և Բաթումից վերադարձած ներկայացուցիչները՝ Քաջազնունին, Խատիսյանը, Պապաջանյանը, որոնք մայիսի 27-ի երեկոյան մանրամասն զեկուցում տվին բանակցությունների մասին: Հաջորդ օրը, մայիսի 28-ին Ազգային խորհուրդը որոշեց Բաթում ուղարկել Ալ. Խատիսյանից, Մ. Պապաջանյանից և Հ.Քաջազնունուց բաղկացած հաշտարար պատվիրակություն՝ տալով նրան բացարձակ լիազորություն բանակցելու և հաշտություն կնքելու հանուն անկախ Հայաստանի: Անկախության հայտարարությունը, սակայն, եղավ ավելի ուշ, մայիսի 30-ին, ավելի արտաքին ճնշումների տակ, քան Ազգ.Խորհրդի հոժար կամքով:


   ...Այս ժողովի (ՀՀԴ արևելյան և արևմտյան բյուրոների,Թիֆլիսի կենտր.կոմիտեի և Սեյմի ու Ազգ.Խորհրդի դաշնակցական հատվածների նիստը,մայիսի 29-Էրիկ-Հայ բլոգ) հետո միայն Ազգ.Խորհուրդը արավ վճռական քայլ և մայիսի 30-ին  հրատարակեց հետևյալ հայտարարությունը, որը, թեև իսկական առումով անկախության հռչակում չէր, բայց դեպքերի բերումով դարձա այդպիսին:

                                                       ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

   Անդրկովկասի քաղաքական ամբողջության լուծումով և Վրաստանի ու Ադրբեջանի անկախության հռչակումով ստեղծված նոր դրության հանդեպ, հայոց ազգային խորհուրդը իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն և միակ իշխանություն: Որոշ ծանրակշիռ պատճառներով թողնելով մոտիկ օրերը կազմել հայոց ազգային կառավարություն, Ազգային խորհուրդը ժամանակավորապես ստանձնում է կառավարական բոլոր ֆունկցիաները՝ հայկական գավառների քաղաքական և վարչական ղեկը վարելու համար:
                                                                     Հայոց ազգային խորհուրդ
1918թ. մայիս 30, Թիֆլիս.


    Այսպիսով, Հայաստանի անկախության հայտարարության օրը իսկապես պետք է համարվեր մայիսի 30-ը: Հակառակ դրան, համարվում է մայիսի 28-ը, այսինքն այն օրը, երբ Ազգ.խորհուրդը վճռեց հաշտության պատվիրակություն ուղարկել Բաթում:Անուղղակի կերպով, այս օրն էլ կարող էր համարվել անկախության սկզբնավորություն, որովհետև հաշտության բանակցությունները վարելու համար նախապայման էր անկախության հայտարարությունը: Ընդունելով թուրքերի այդ պայմանը՝ Ազգ.խորհուրդը դրանով իսկ հաստատած էր լինում անկախության փաստը:
   Այսպես թե այնպես, Հայաստանի Հանրապետության ծագման օրը  եղավ մայիսի 28-ը:Այդ օրը դարձավ նվիրական հայ ժողովրդի համար և մտավ ազգային տոնացույցի մեջ, իբրև սրբազան օրերից մեկը:>>




Комментариев нет:

Отправить комментарий