воскресенье, 22 ноября 2015 г.

Մե՞նք ենք բարոյապես անկում ապրել, թե՞ արժեքներն են փոխվել:


Ընտրակաշա՜ռք. բազում դժբախտությունների պատճառ:
5000, 10.000 վերցնում ենք, ընտրում, հետո բողոքում:

   Լավ, մի՞թե մենք միշտ ենք վերցրել այս ընտրակաշառքները, թե՞ եղել է ժամանակ, որ ընտրակաշառք վերցնելը խայտառակություն է համարվել:
   Այո, բարեբախտաբար կամ դժբախտաբար եղել է:
  Հին ծանոթներից մեկը ընտրությունների ժամանակ իրենց գյուղից էր պատմում: Ասում է, ժամանակին, երբ ինչ-որ մեկը գյուղում փորձում էր կաշառք բաժանել, ծերերը հարձակվում էին վրան.
  -Այ տղա, մեր գյուղում ոչ մեկ կաշառք չի վերցնում, ռադ եղիր:
 Երիտասարդներն էլ գյուղից վռնդում էին բաժանողին: Ո՛չ մեկ չէր համարձակվի 5000 դրամ վերցնել, ո՛չ մեկ չէր համարձակվի երկրորդ անգամ փորձել բաժանել տվյալ գյուղում: Կարճ ասած կաշառք վերցնելը ամոթ էր, խայտառակություն,  «լավ տղաները» կաշառք չէին վերցնում:
    Անցավ ժամանակ, փոխվեցին չափանիշները, փոխվեցին մարդիկ: Նախկին թանկագին և  բարի սովորույթները վերացան, բացասական երևույթները դարձան դրական: Ո՞րն է պատճառը: Գլոբալիզացիա՞ն է խնդիրը, թե սոցիալական են խնդիրենրը:
   Հին ծանոթս շարունակում է: Ասում է, որ հաջորդ ընտրություններին, այդ նույն ծերերը 5000 ստանալու համար հերթ էին կանգնում, նախկինում կաշառք բաժանողին գյուղից վռնդող երիտասարդները իրենք էին կազմակերպում այդ ամենը, ցուցակագրելը, բաժանելը, ընտրության տանելը: Արդեն ընտրակաշառք վերցնելը ամոթ չէր, հարգի էր, նորմալ էր, «լավ տղերքն» էլ վերցնում էին կաշառք...
   Ահա այսպես է փոխվում բարոյականության նորմերը: Նախկին վատը նորմալ է դառնում, հետո սկսում է լավ դառնալ և հակառակը:
   
   Հիմա մտածում եմ. կարո՞ղ է մի քանի տարի հետո՝ հաջորդ ընտրություններին, այնպես ստացվի, որ ընտրակաշառքի ստատուսը այնքան բարձրանա, որ սկսեն այդ 5000 դրամները տալ միայն հարգարժան մարդկանց, միայն «լավ տղաներին»...

     Մե՞նք ենք բարոյապես անկում ապրել, թե՞ արժեքներն են փոխվել:


Էրիկ Իսրաելյան

Комментариев нет:

Отправить комментарий