суббота, 31 августа 2013 г.

Անդրանիկ Օզանյանի մասին


                  Նիկոլ Աղբալյան  

«Անդրանիկը մեռաւ իր փափաքին չհասած, որ ազգինն էր միանգամայն, բայց նա երկար ու անձնուիրութեամբ ծառայեց համազգային նպատակին, ուստի իր անունն ու յիշատակը դարձան համազգային: Կամաւոր նահատակների մի ընտիր խումբ, որ պայքարի մտաւ քառորդ դար առաջ եւ որոնց շարքից էր նաեւ Անդրանիկը, նոյնքան անձնազոհ էր, որքան սա: Նոր մարտական հայութեան առաջին ծիլերն էին, ամէն մէկը ընտրուած հազարի միջից, ամէն մեկը մի զօրաւոր անհատ, բայց ընտիրների եւ զօրաւորների մէջ արքի ընկաւ Անդրանիկը:

...Նա ունեցաւ շատ զինակիցներ եւ շատ աւելի հետեւորդներ, որ մեծացան նրա ծանր ձեռքի տակ, բայց մնացին միշտ կապուած նրան:

Հզօր անհատներ – ինչպես Մուրատ, Կայծակ Առաքել – նրա կողքին պայքարեցին թշնամու եւ օրհասի դէմ եւ նա կարողացաւ պահել նրանց միացած եը ընկեր: Դրա համար պէտք էր մարտիկի հմայք, ընկերական ոգի եւ արդարամիտ վերաբերում...

Իր գործը ծանօթ է ամէնքին եւ անցած է պատմութեան, իսկ իր կեանքը եթէ գրուի ստուգապէս, ընտրանիքով եւ վերապրումներով՝ լաւագոյն դպրոցը կը դառնայ հետագայ սերունդների համար, որ այնտեղ կ’առնեն գաղափարական նուիրման եւ անշահախնդիր ռազմասիրության դասեր: Իսկ մենք, որ տեսած ենք նրան, վկան ենք իր գործերին ու երբեմն եղած ենք գործակից՝ խտացնենք այստեղ մի քանի տպաւորությիւններ...:

Իր խառնուածքը երկու հզօր եւ հիմնական կիրք ունէր, որ իբրեւ երկու լար միշտ հնչուն էին նրա կեանքի եւ գործի մքջ. Անվերապահ ատելութիւն դէպի թրքական իշխանութիւնը եւ խորին ու գործօն սէր դէպի հայ ժողովուրդի խոնարհ խաւերը, յատկապէս դէպի գիւղացին...:

...Իր ըմբռնումը ռազմական կացութեան մասին կռուի սահմանափակ դաշտի վրայ հաւասար էր մարգարէութեան, հրացանի պայթումից նա գուշակում էր մօտալուտ գալիքը:

...Մարդիկ թէ կամաւոր մեծ հակում ունէին նրա անունից, այլ մանաւանդ նրա ղեկավարութեան տակ իրանց տեսնելով ապահով: Անդրանիկ, որ յաճախ յախուռն էր իբրեւ սոսկական անհատ՝ չափազանց զգուշաւոր էր իբրեւ ճակատող: Պէտք եղած ժամանակ չափազանց յանդուգն՝ նա ընդհանրապէս խնայում էր իր զինուորներին եւ կարողանում էր գործեր կատարել չնչին զոհերով կամ անել համարուած կացութիւններից անսպասելի ելք գտնել առանց կորստի:

...Անշահախնդիր էր իբեւ մարդ, իր միտքը միշտ լուրջ էր եւ հանրային գործով պարապած: Անհատական կեանքն ու հոգը աննշմար տեղ էին գրաւում նրա հոգու մէջ...:

Պատմելու մեծ շնորհ ունէր եւ անվրէպ յիշողութիւն: Իր երեւակայութիւնը պայծառ էր, մանրամասները՝ ողորկ: Եթէ գրել իմանար՝ առաջնակարգ հեղինակ կը լինէր: Նրա հետ հաճոյք էր զրույց անելը:
Անդրանիկը զօրաւոր կրքեր եւ մեծ կարողութիւններ ունէր. Մարտիկի դ-ուարին կեանքը եւ Դաշնակցութեան միջավայրը մշակեցին նրա մէջ գաղափարի զինուորին եւ հայութեանը տուին համազգային մի հերոս»:

ՆԻԿՈԼ ԱՂԲԱԼԵԱՆ (Խօսուած Գահիրէ՝ Անդրանիկի մահուան առիթով)
                                                              Սիմոն Վրացյան

   «Մայր բնութիւնից եւ բախտից պարգեւատրուած բացառիկ անհատներից էր Անդրանիկը եւ բացառիկ վիճակի արժանացաւ նա հայոց պատմութեան մէջ: Եթէ ժողովրդական կամ ազգային հերոս բառը որոշ իմաստ ունի, Անդրանիկը եղաւ բառիս ամենալայն մտքով ազգային հերոս, որի ճակատը դափնէ պսակով զարդարեցին «Հայոց Կուսանք» եւ հայ աշուղները փառքի երգեր ձօնեցին նրան:

Անդրանիկի անունը առանձնապէս լայն հռչակ ստացավ 1904-ին, երբ նա իր զինակիցների կողմից ընտրուեց Սասունի ազատամարտի ղեկավար: Անդրանիկ արժանացաւ ընդհանուր խմբապետության մեծ պատիւին, իր մարտական եւ կազմակերպական շնորհաների պատճառով: Նա զինուորական էր ծնած եւ հայդուկային խմբական կռիւները նրա բնական տարերքն էին կազմում: անվախ, յանդուգն, նախաձեռնող, ուժեղ կամքի եւ երկաթէ բազուկի տէր, պաղարիւն եի տեսնող ու պայմաններին արագ յարմարուղ եւ անհնարին կացութեան մէջ իսկ շուտով ելք գտնող՝ Անդրանիկը ստեղծուած էր պատերազմի եւ հրամանատարութեան համար: Իր վագրանման արտաինն էլ նպաստում էր այդ դերին: Դաժան ու երկաթէ կարգապահութիւն պահանջող կռիւներում եւ ընկերական՝ խաղաղութեան օրերին:

Նրա արեւով երդւում էին. Նրան անունն էին տալիս նոր ծնուած մանչերին»:

Ս. ՎՐԱՑԵԱՆ («Հայրենիք» օրաթերթ, օգոստոս 30, 1977թ., էջ 1

Ն.Ս.Օ.Տ.Տ.Վազգեն 1-ին                                                           
«Այս գերեզմանին առջեւ մեր հոգիի եւ մտքի աչքերով կը տեսնենք վերջին հարւիր տարիներու ընթացքին մեր ժողովուրդի մղած անհավասար պայքարը իր արժանապատւութեան, իր գոյութեան եւ ազատութեան համար: Այդ կը կոչուի, ինչպէս գիտէք, հայ ազատագրական շարժում, որուն արիւնոտ ճանապարհին վրայ կը բարձրանայ հերոսական կերպարը զօրավար Անդրանիկի:

Քիչ առաջ երգուածը ապացույցն է, թէ ինչ պաշտամունք ունի մեր ժողովուրդը Անդրանիկի նկատմամբ: Ան խորհրդանիշն է դարձած հայ ազատագրական սրբազան պայքարի:

Սփիւռքի տարածքին վրայ, ինչպէս նաեւ Հայաստանի մէջ, ամենասիրելի եւ ամենաժողովրդականացած երգերէն մէկն է «Իբրեւ արծիւ սաւառնում ես» երգը: Այսօր Հայաստանի մէջ, ընտանեկան յարկերէ ներս, խնճոյքներու թէ տարբեր առիթներով, ամէն անգամ խանդավառութեամբ կ’երգուին Անդրանիկին նուիրուած երգերը, երենո հայ ժողովուրդի զգացողութեան մէջ նուիրական ոգեկոչումներ կը հանդիսանան: Այդ երգի երաժշտութեան եւ մոգական ուժ ունեցող բառերու իմաստին ընդմէջէն, հայ ժողովուրդը ոչ միայն կը յիշէ իր հերոսական անցեալը, այլեւ տեսիլքը կ’ապրի իր ապագայի ընելիքին: Կարեւորը այն չէ, թե ինչպէ՞ս մենք ազգովին, ներկայ պայմաններու մէջ, պիտի կարենանք շարունակել Անդրանիկի կէս թողած գործը, այլ կարեւրը այն է, որ սրբութեամբ պահենք գիտակցութիւնը, անսասան հաւատքը, թէ կուգայ օրը արդարութեան:

Այս գիտակցութեամբ կ’ապրինք մենք այսօր եւ պիտի ապրինք, թէ՛ Հայաստանի եւ թէ Սփիւռքի տարածքին վրայ: Եւ այս գիտակցութիւնն ու հաւատքը պէտք է ներշնէք դուք ձեր զավակներուն: Այնպէս է, որ լաւագոյն ձեւով մեր հարգանքը մատուցած պիտի ըլնանք մեր հերոսներուն, նաեւ զօրավար Անրանիկի յիշատակին:

Թող Աստուած խաղաղութեան եւ յաւէտ լոյսի մէջ պահ՝ Անդրանիկի եւ բոլոր Անդրանիկներու հոգիները, որոնք զոհւեցան ազատութեան արիւնոտ ճանապարհին վրայ: Թող Աստուած մշտանորո ուժ եւ եռանդ պարգեւէ հայ ժողովուրդին, որպէսզի ան տակաւ զօրանայ, աճի եւ միշտ հաւատարիմ մնայ մեր հերոսներու ուխտին եւ միշտ պատրաստ շարունակելու անոնց գործը:

Այս հաւատքով է, որ կու գամ Հայաստանէն եւ այս հոգիով է, որ աղօթք կը կարդամ այսօր այստեղ:
Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի». ամէն:

 («Նայիրի», Հոկտեմբեր 31, 1979թ.)
Փեր լա Շեզ գերեզմանատուն, Անդրանիկի թաղման արարողության 52-րդ տարթվին նվիրված Ամենայն Հայոց Վեհապառ Հայրապետ Վազգեն Ա-ի ճառից:


 

Ավետիս Ահարոնյան                                                                         «Սասունի արծիւը չկայ այլեւս...:
Հայ ազգային ազատագրութեան գաղափարի ծիրանին է դողդողում ու նրա խորհավոր ծալքերի մէջ արցունք է թափում ազգը:

Մանուկները ծնողի մահը չեն ըմբռնում, ազգերը՝ հերոսի:

-Անդրանիկ հայ ժողովրդի համար անհատ չէ, այլ մարմնացումն է մի հզօր ու անսասան գաղափարի: Եւ իբրեւ այդպիսին նա ժողովրդի երեւակայութեան մէջ անանձնացած, դիւցազնացած է: Կուռք է Անդրանիկը, որ մեր ժողովուրդն է կռել, կոփել ու քանդակել համապատասխան իր դարաւոր իղձերի, ձգտումների, ամբող»ջ իր իտէալին, արդարութեան եւ իրաւունքի ծարաւ իր հոգու պահանջներին: 

-Անդրանիկ գերազանցօրէն յեղափոխական էր: Ըմբոստացած հողի ցասումն ու ընդվզումը: 

Եվ հենց դրա համար է, որ հողի ու քրտինքի մարդիկ այնպէս պինդ սիրեցին նրան:

Առաջնորդ, շէֆ էր ծնուած Անդրանիկ: Ամէն տեղ ու ամէն պարագաներում Անդրանիկ մնում էր տիրական, իշխող ու հրամայող:

-Կուսակցութեան չէր կարող տոկալ Անդրանիկ, թէեւ ոտքից գլուխը դաշնակցական էր: Աւելին կ'ասեմ, նա կուսակցութիւն բնաւ չէր էլ հասկանում, աւելի եւս պետականութիւն, որի մասին շատ թիւր ըմբռնում ունէր: 

-Յախուռն՝ իր մասնաւոր կեանքում ու յարաբերութիւնների մյէջ, նա որքա՜նն զգուշաւոր ու իմաստուն էր ճակատամարտում: Զինուորներր պաշտում էին նրան: Ռազմական շէֆ էր ծնուած Անդրանիկ: 

-Նրան լսելիս մարդ զգում էր, որ համայն հայ ժողովուրդը այս անզուգական մարդու կրծքի տակ է ամփոփված, ինչպէս ճուտերը թուխսի թեւերի տակ:

-Եւ հայրենական ցաւի պոռթկումից դուրս նա ուրիշ զայրոյթ չունէր: Իր մասնաւոր նիստուկացի մէջ ամենաանուշ մարդն էր, ամենահաւատարիմ ընկերակիցը:

Սիրում էր հայ խոնարհ, աշխատաւոր ժողովուրդը եւ ատելով ատում էր մեր այն կծծի ունեւորներին, որոնց հոգին թղթապանակում միշտ փակուախ մնաց մեր աշխարհն ալեկոծող ողբերգական անցքերի օրերին»:

 («Հայրենիք» Ամսագիր, 1927 թիւ 2): 

Աղբյուրը` անդրանիկ Չելեպյան <<Անդրանիկ Օզանյան և հայ հեղափոխական շարժում>>Նյութերը վերցված են anunner,com կայքից:                                   

Комментариев нет:

Отправить комментарий