вторник, 5 февраля 2013 г.

Զոր.Սիլիկյանի կոչը հայ ժողովրդին:




«Հայե՛ր, շտապեցե՛ք հայրենիքն ազատելու:
 Հասել է պահը, երբ յուրաքանչյուր հայ, մոռանալով իր անձնականը, հանուն մեծ գործի` հայրենիքի փրկության և իր կնոջ ու աղջիկների պատվի պաշտպանության, պիտի գործի դնի իր վերջին ճիգը` թշնամուն հարվածելու համար:
    Մենք չէինք ուզում կռվել.հանուն խաղաղության ու հաշտության, պատրաստ էինք ընդառաջ գնալու ամեն տեսակ զոհողությունների, սակայն, մեր նամարդ թշնամին ընթանում է իր ծրագրված ուղիով. նա, ըստ երևույթին, ստրկացնել է ուզում մեզ, բայց, իրոք, ուզում է ոչնչացնել մեր բազմաչարչար ազգը:Բայց քանի որ պիտի ոչնչանանք, ավելի լավ չէ՞, որ զենքը ձեռներիս փորձենք պաշտպանել մեզ:Գուցե, հաջողվի մեզ կռվով ձեռք բերել ապրելու իրավունքը:
    Իսկ որ մենք կարող ենք պաշտպանվել, այդ ցույց տվին վերջին կռիվները մեր ճակատում, ուր մեզանից թվով գերազանց թշնամին նահանջի է դիմել մեր հերոսական գրոհի  առաջ:
   Հարկավոր է մի ճիգ ևս, և թշնամին վռնդված կլինի մեր երկրի սահմաններից, ուր մեր պապերն ու հայրերը երկար տարիներ արյուն-քրտինքով աշխատել են գեթ մի կերպ հայթհայթել իրենց օրվա ապրուստը:
    Հայե՛ր, ժամանակը չէ դանդաղելու: Մինչև հիսուն տարեկան բոլոր տղամարդիկ պարտավոր են զենք վերցնելու, և ես պահանջում եմ բոլորից ներկայանալ իրենց զենքերով ու փամփուշտներով` հայրենիքի պաշտպանության համար:

   Հայուհինե՛ր, հիշեցե՛ք 5-րդ դարի փափկասուն տիկնանց, որոնք ոգևորեցին իրենց ամուսիններին Մեծ գործի` անմահ Վարդանի կռիվների ժամանակ, հետևեցեք նրանց օրինակներին, եթե չեք ուզում, որ ձեր պատիվը ոտնահարվի, խրախուսեցեք նրանց ու արհամարհեցեք այն վախկոտներին, որոնք զանազան պատրվակներով խուսափում են ճակատ գալուց:Հավաքեցե՛ք ռազմամթերք, հաց, հագուստ և ուրիշ մթերքներ...
   Ես խորապես համոզված եմ, որ իմ այս կոչը անարձագանք չի մնա, և երկու-երեք օրվա ընդացգում կկազմակերպվի մի այնպիսի քաչարի զորաբանակ, որին կհաջողվի վռնդել թշնամուն հայրենի հողի սահմաններից և ապահովել հայ ժողովրդի գոյությունը:
   Հանուն բազմաչարչար հայ ժողովրդի ֆիզիկական գոյության,
 հանուն ոտնակոխ եղած ճշմարտության՝
 Ոտքի կանգնեցեք: Դեպի՛  սրբազան պատերազմ:

  Բոլոր զենքի ընդունակ տղամարդիկ պարտավոր են ներկայանալ Երևանում զոր.Բեժանբեգին, իսկ բոլոր հավաքված մթերքները պետք է հանձնել տեղական Ազգ.Խորհուրդներին»:


Սիմոն Վրացյան «Հայաստանի հանրապետություն»:

Այս սրտառուչ կոչը Սիլիկյանը հայ ժողովրդին ուղղել է Սարդարապատի վճռական ճակատամարտից առաջ:Բլոգում կտեղադրվի նաև Սիլիկյանի կոչը մայիսի 29-ին՝ ճակատամարտից հետո:



Комментариев нет:

Отправить комментарий