четверг, 7 января 2016 г.

Ինչպես Տերյանը խուսափեց զինվորական ծառայությունից:




   ...Մի քանի օր էր, որ բանաստեղծ Վահան Տերյանը Երևանում էր: Եկել էր Մոսկվայից, ուր նրան զորակոչի պիտի ենթարկեին: Չէր ուզում զինվորական ծառայություն կատարել: Եկել էր Մոսկվայի Հայկական Կոմիտեի նախագահ Ստեփան Մամիկոնյանի հանձնարարությամբ, Կովկասում «մի բան անելու»՝ զինվորությունից ազատվելու համար: Թիֆլիսում Հովհաննես Թումանյանը նրան խորհուրդ էր տվել  արձանագրվել հայ կամավորական խմբերի մեջ: Եվ քանի որ կամավորական շտաբը տեղափոխվել էր Երևան, Տերյանը եկել էր Երևան՝ «մի բան անելու»...
   ...Աղբալյանի հետ գրասենյակում նստած էինք, երբ ներս մտավ Տերյանը՝ նիհար և հոգնատանջ տեսքով: Ինձ բարևեց ձեռքի սեղմումով, Նիկոլի հետ ողջագուրվեցին ջերմ համբույրով: Եվ զարմանաի չէր, ես դաշնակցական հասարակ ՛՛ շրջիկ՛՛ էի նրա աչքում, իսկ Աղբալյանը՝ նշանավոր գրական քննադատ: Գուցե և առաջ էլ ծանոթ էին, թերևս և մտերիմ, չգիտեմ:
   Նիկոլը թեթև աչք նետեց Տերյանի բերած Թումանյանի հանձնարարական նամակի վրա, ծալեց, դրեց գրպանը և խոսքն ուղղեց ինձ.
   - Գլխի՞ ես, Սիմոն, Վահանը ուզում է կամավոր գրվել,
   -Ո՜չ,- կտրեց Տերյանը,-Վահանը ուզում է զինվորությունից ազատվել: Ցանկություն չունեմ էշ նահատակ լինել:
   -Այդ պատիվը մե՞զ եք թողնում,- նկատեցի ես,
   -Ում ուզում եք՝թող մնա, ի՞նձ ինչ,-ջղայնացավ նա:
Նիկոլը շտապեց միջամտել.
   -Լա՜վ, լավ, ավելորդ է փոխասացությունը: Մի բան կանենք, Վահան, իսկ հիմա պատմիր տեսնենք, ի՞նչ կա Ռուսեթում, ինչպե՞ս տեսար մեր Թիֆլիսը:
Տերյանը խոսում էր կարճ նախադասություններով, անկապ, նյութից նյութ ոստոստելով: Կարծեմ՝առանձին նորություն չասաց, գոնե իմ հիշողության մեջ ոչինչ չի մնացել իր պատմածներից:
   Երբ Տերյանը մեկնեց, Աղբալյանը ասաց, չգիտեմ՝ ի՞նձ, թե՞ ինքն իրեն.
   -Տեսնո՜ւմ ես, չի ուզում էշ նահատակ լինել...Մարդը չի ուզում էշ նահատակ լինել...Հայրապետներն ու Կարապետները կարող են էշ նահատակ լինել, իսկ ինքը վերին արտի ցորենն է: Նոր հավերը, նոր հավկիթ են ածում: Լսո՞ւմ ես:
Ես իհարկե լսում էի...

Սիմոն Վրացյանի հուշերից:

Комментариев нет:

Отправить комментарий