воскресенье, 13 января 2013 г.

Անդրանիկ Օզանյանի մարտակոչը:






...Մենք կեցած ենք, հայ տառապած ժողովուրդ, հայկական պատմության այնպիսի փոթորկուն էջի վրա, ուր մեր ժողովուրդը կապրի կամ իր վերջին օրերը և կամ կգտնվի վաղվան ազատության նախօրյակին:

Վայրկյանը, ներկա օրերը մեզ չեն ցուցեր միջին ճանապարհ:Վաղվան պատասխանը հայ ժողովրդին պիտի ըլլա այո՛ կամ ո՛չ:

Դարեր ի վեր բռնեցինք հավաքական ազատության ճանապարհը, որ պսակեցավ մեր արյունով և հայ երիտասարդության անասելի ոգևորումներով:

Հասած է ժամը վերջին մարտնչումի:

Իմ խոսքս կուղղեմ այն բոլոր մարդոց, որոնք խոր գիտակցություն ունին հայ ժողովրդի լայնածավալ տառապանքին, որոնք ունին մարդասիրական սիրտ, ամեն ազգե, ըլլան անոնք հույն, եզիդի, ասորի, քյուրդ, իսլամ կամ ոչ իսլամ, որոնք ենթակա եղած են օսմանյան բռնակալ կառավարության անմարդասեր սարսափներուն:

Կոչ կընեմ բոլոր զենքի ընդունակ՝ առանց դասակարգերու խտրության, գյուղացիեն, արհեստավորեն մինչև բարձր դասու մտավորականությունն ու հարուստը:

Ես կոչ կընեմ բոլոր չափահաս դպրոցականներուն, որոնք կը բաղձան ծաղկավետ տեսնել վաղվան մշակույթի դաշտը, թող դիմեն զենքի, թող վազեն դեպի ճակատ:

Ուղղելով իմ խոսքս մեր բոլոր մայրերուն և քույրերուն՝ կը հորդորեմ, որ չնդունեն իրենց սրբազան հարկի տակ հուդաներն ու դավաճաններն, թող թքեն անոնց երեսին և ղրկեն դեպի զորանոց:Դավաճան է այն մայրը, որ կքաջալերե իր զավակը, ամուսինը կամ եղբայրը մնալու տունը, իբրև կորովազուրկ , որբացած ազատության սերեն:

Երեկ կռվող ուժը իր կարելին ըրավ՝ կուրծքը տալով թշնամուն, այսօր ալ մեր մտավորականությունը պիտի հայտանաբերե ինքզինք կռվող դասակարգին արժանի:

Իմ խոսքս կուղղեմ նաև վրացի մեծ ժողովրդին, որուն ազգային շահերը դարեր ի վեր հմաընթաց քալած են և համընթաց պիտի քալեն մանավանդ ասկե հետո, իբրև երկու  տառապած և ազատագրված ժողովուրդներ:Եթե այսօր հայ ժողովուրդն է վտանգի տակ և ենթակա վերջնական բնաջնջման, վաղը կարող է վրացի ժողովուրդը լինել, դարեր ի վեր ազատության և տարրական արդարության տենչացող վրացի ժողովուրդը:Պարտական ես հիշելու քու անցած պատմությունդ, վրացի ժողովուրդ:

Հայ ժողովուրդ, եթե հավաքական կերպով չպատասխանես այս կոչիս, եթե պայծառ գիտակցությունը չունենաս հայրենիքի և փախստական ժողովրդի, բզկտված մայրերու, թաղված փոսերն դուրս գալող տղամարդկանց, բռնաբարված հայ կույսերու ներկա սարսափելի կացության, եթե չգիտակցես այն մահվան սև երազին, որ կը սավառնի մեր բովանդակ հայ ժողովրդին վրա, եթե դուն հասկացությունը չունենաս ստեղծված ծանր րոպեին, ետ առ ինձմե հորս անունը, զոր դուն ես տված, և իրավունք մի ունենար վերցնելու իմ դիակը, իրավունք մի ունենար իմ վրա արտասվելու, թող թաղե զիս այն կոզակը, որ երեկ իմ կողքին կուրծքը կուտար մեր թշնամուն և ձորերը մնացած հայ որբուկները կգրկեր և կգգվեր:

Հայ հարուստ, ավելորդ ւ ընել քու երեք տարվան պատմությունը, հայ հարուստ, այդ պատմությունը թող կրկնվի...Թող չկրկնվի երբեք ձեր երեք տարվան պատմությունը, որում կողոպտեցիք պետական գանձարանները և լեցուցիք քու ամեն ինչ կլանող սնդուկները:

Հայ հարուստ, քեզի է խոսքս, արժանի եղիր այս մեծ րոպեին:

Զինակից օֆիցերներ, օֆիցերներ ռուս, հայ, վրացի, ձեզմե անոնք, որոնք կը բաղձան մտնել Հայաստանի Երկրապահ զորամասի սպայակույտի մեջ, թող դիմեն Հովնանյան դպրոց:Թիֆլիս:


                                                                                ԱՆԴՐԱՆԻԿ



Комментариев нет:

Отправить комментарий